ԵՊՀ-ի, Միջազգային հանրապետական ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի և ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի միջև կնքվել է համագործակցության եռակողմ հուշագիր, միևնույն ժամանակ՝ դրա շրջանակում ԵՊՀ-ի ու ՄՀԻ հայաստանյան մասնաճյուղի միջև ստորագրվել է համագործակցության երկկողմ պայմանագիր՝ համատեղ իրականացնելու «Ռազմավարական հաղորդակցության դպրոց» մասնագիտական վերապատրաստման ծրագիրը։ Այս մասին տեղեկացրել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը:
«Հաստատված համագործակցությամբ համատեղ իրագործվելու են գիտական և կրթական ծրագրեր, տրամադրվելու են մասնագիտական-փորձագիտական աջակցություն ու խորհրդատվություն, անցկացվելու են վերապատրաստման դպրոցներ, ֆորումներ, գիտաժողովներ ու ակադեմիական այլ միջոցառումներ՝ ԵՊՀ, ՀԿՏԿ և ՄՀԻ անձնակազմի, պետական գերատեսչությունների ներկայացուցիչների, ուսանողների, երիտասարդ հետազոտողների, տարբեր ոլորտների առաջատար մասնագետների, գիտնականների, միջազգային մասնագետների ներգրավմամբ»,- գրել է ԵՊՀ ռեկտորը Ֆեյսբուքի իր էջում: