Դատախազությունն առաջին անգամ լայնածավալ ուսումնասիրություններ է սկսել հանրապետության ջրօգտագործող բոլոր՝ 15 ընկերություններում: Գլխավոր դատախազի հանձնարարությամբ իրականացվող ուսումնասիրությունների համար հիմք է դարձել Ջրային կոմիտեում Հաշվեքննիչ պալատի 2021-ի ստուգումների եզրակացությունը: Էլեկտրաէներգիայի տատանման հետևանքով վնասի փոխհատուցման համար Ջրօգտագործող 6 ընկերության պետբյուջեից հատկացվել է 80 միլիոն դրամ, որից 28 միլիոնը՝ Արմավիրի ՋՕ-ին: «Արմավիրի» և «Էջմիածնի» ընկերություններում ի հայտ են եկել ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափի հափշտակության, մի խումբ անձանց նախնական համաձայնությամբ իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող պաշտոնական փաստաթղթեր կեղծելու, այդ փաստաթղթերն օգտագործելու դեպքեր:
Կարապետ Հակոբյան (ՀՀ ԳԴ պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազ) - Մինչդեռ, ուսումնասիրությամբ պարզվել է, որ էլեկտրաէներգիայի տատանման հետևանքով պատճառված վնասը պետք է հատկացվի ոչ միայն պետական բյուջեի միջոցների հաշվին, այլ իրավապայմանագրային հիմունքներով նախատեսված մեխանիզմներով, մասնավորապես, համապատասխան ՋՕ և ՀԷՑ ընկերության միջև կնքված պայմանագրով:
Դատախազի խոսքով՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ դեռևս 2006-ի որոշմամբ սահմանվել է, որ կողմերի միջև հարաբերությունները կարգավորվում են նրանց միջև կնքված պայմանագրով, և վնասը պետք է փոխհատուցի մատակարարը, որն այս դեպքում, ըստ Հակոբյանի, Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունն է: Մինչդեռ ջրօգտագործող ընկերությունների պաշտոնատար անձինք միջոցներ չեն ձեռնարկել իրենց լիազորությունների շրջանակում այդ գումարը ստանալու ուղղությամբ:
Կարապետ Հակոբյան - Այդ գումարներն ամբողջությամբ ֆինանսավորվել են պետական բյուջե միջոցների հաշվին, ինչի հետևանքով առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառվել ՀՀ պետական բյուջեին: Պետք է դիմեին կամ դատական կարգով միջոցներ ձեռնարկեին, որ փոխհատոցում ստանային մատակարար ընկերությունից:
«Արմավիր» և «Էջմիածին» ջրօգտագործող ընկերություններում էլեկտրական շարժիչների, պոմպերի նորոգման համար ևս հատկացվել են գումարներ: Ծառայությունների մատուցման գործընթացը, սակայն, կազմակերպվել է՝ խախտելով գնումների մասին օրենքի պահանջը: Պայմանագրեր են կնքվել կոնկրետ անձանց հետ՝ ամեն սարքի նորոգման համար նշելով միջինը 30 հազար դրամ: Մինչդեռ 2022-ին գնումների մասին օրենքով իրականացված գործընթացով ծախսվել է 10 հազարական դրամ՝ 3 անգամ էժան: Այս դեպքում ևս ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում առանձնապես խոշոր չափի պետական միջոցների հափշտակության համար: Պետական բյուջեի ընդհանուր վնասը կազմել է 70 միլիոն դրամ: Նախաձեռնվել են քրեական վարույթներ: ՋՕ-երում դատախազության ուսումնասիրությունները կիրականացվեն երկամսյա ժամկետում:
Կարապետ Հակոբյան - Մեր ուսումնասիրության արդյունքում պետական շահերը պետք է պաշտպանվեն ի վերջո, այսինքն՝ ավելի արդյունավետ գործեն այս մարմինները:
Բացի առերևույթ հանցագործության տվյալների վերհանումից և դրանց համապատասխան ընթացք տալուց՝ դատախազության ուսումնասիրությունը, դատախազ Հակոբյանի խոսքով, կունենա կանխարգելիչ նշանակություն, որ ջրօգտագործող ընկերությունները չշրջանցեն օրենքը: