Այս պահի դրությամբ 20 հազարից քիչ իրավաբանական անձինք են ներկայացրել իրական շահառուների մասին հայտարարագիր, չնայած այս տարվանից այդ տվյալը պետռեգիստրին տրամադրելու պարտավորությունը տարածվում է շուրջ 100 հազար կազմակերպության վրա:
Հռիփսիմե Իսկանդարյան (ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության աշխատակից) - Կարծում եմ, որ չներկայացնելու պատճառը իրազեկված չլինելն է:
Որպեսզի հանրության համար թափանցիկ լինի բիզնեսի գործունեությունը, օրենսդրական փոփոխություններ նախաձեռնվեցին, և առաջին փուլում՝ 2019-ից սկսած, իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր սկսեցին ներկայացնել ընդերքօգտագործողները, երկրորդ փուլում՝ 2022-ից, հանքարդյունաբերողներին միացան հանրային ծառայություններ մատուցողներն ու տեսալսողական մեդիան: Այն ընկերությունները, որոնց վրա պարտավորությունը տարածվում է այս տարվա հունվարի 1-ից, հայտարարագիր ներկայացնելու համար մինչև մարտի 1-ը ժամանակ ունեն: Չներկայացնելու, թերի կամ սխալ ներկայացնելու դեպքում ռեգիստրը կարող է վարչական տույժ կիրառել:
Հռիփսիմե Իսկանդարյան - Մենք դեռևս չներկայացնելու հիմքով միայն նախազգուշացումներ ենք կիրառել: Եթե թերի կամ սխալ է ներկայացված, արդեն հոդվածի էդ մասերով սահմանված է տույժի նշանակում նվազագույն աշխատավարձի 30-ապատիկից մինչև 100-ապատիկի չափով:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը նախորդ տարի հետազոտություն է անցկացրել, լսել բիզնեսի դիտարկումները և ռեֆորմի խնդիրները վերհանել: Պարզել են, որ ռեգիստրի աշխատակիցները քիչ են, գործակցությունը բիզնեսի հետ` թույլ, իսկ ընկերություններից ոչ բոլորն են հայտարարագիր ներկայացնելու համար անհատապես ծանուցվել:
Փոփոխությունների գործընթացում արձանագրած թերություններին զուգահեռ` Հարություն Ծատրյանը կարծում է` իրական շահառուներին հանրայնացնելը դրական քայլ է:
Հարություն Ծատրյան (հետազոտող) - Չի լինի փողերի լվացում, չի լինի կոռուպցիա, և չի լինի այնպիսի միջավայր, որ կվանի միջազգային ներդրողին, որը գալիս է այս երկիր և փորձում է ներդրում կատարել մի կազմակերպությունում, որի իրական շահառուն հայտնի չէ:
Բիզնեսի իրազեկվածությունը բարձրացնելու և մասնավոր-պետություն երկխոսությունն ապահովելու հարցում աշխատանք են իրականացնում Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, Առևտրաարդյունաբերական պալատը և Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի հայաստանյան գրասենյակը: Այսօրվա հանդիպումը ևս այդ կապն ապահովելու համար էր:
Լուիզա Այվազյան (Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի հայաստանյան գրասենյակի ղեկավար) - Մասնավոր հատվածում սա ևս մեկ քայլ առաջ է` բարեվարքության ու թափանցիկության, հակակոռուպցիոն սխեմաներից ձերբազատվելու միտված քայլ է, մենք էսպես ենք վերաբերվում նման ռեֆորմներին ընդհանրապես:
Մասնագետները նշում են՝ լավագույնը Միացյալ Թագավորության փորձն է, որն էլ ուսումնասիրել են և աշխատում են տեղայնացնել: