Փրկված 3 կյանք, օգնություն վիրավորներին ու անօթևան մնացածներին, փլատակներից դուրս բերված ընդհանուր 20 զոհ. 10-11 բալ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքները վերացնելու համար Թուրքիա և Սիրիա մեկնած փրկարարները տանն են:
Փրկարարական թիմերը վերադարձել են փետրվարի 14-ին՝ Սիրիայից և 17-ին՝ Թուրքիայից: Հայկական դրոշով ավտոշարասյունը Թուրքիայով մոտ 800 կմ շրջել է, ոչ ոք չի խոչընդոտել, իսկ Ադըյամանում եռագույնի հետ անգամ նկարվում էին՝ պատմում է հատուկ փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի հրամանատարը:
Հայկ Նաղդալյան (ՀՀ ՆԳՆ Փ/Ծ հատուկ փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի հրամանատար) - Շատ լավ էին վերաբերվում, շնորհակալություն էին հայտնում, որ գնացել ենք աջակցության, օգնում ենք, շատ լավ էր վերաբերմունքը: Հավելեմ՝ հենց առաջին պահից՝ օդանավակայանում վերաբերմունքը միայն երախտիքի ու շնորհակալական խոսքեր էին՝ թե՛ անցորդների, թե՛ տեղամասում աշխատելուց:
Ներկայացնում են նաև ՃԿԱԿ-ի՝ առավոտյան գրանցած վերջին թվային տվյալները: Թուրքիայում զոհերի նախնական թիվը մոտ 41 հազար է, վիրավորների թիվը հասնում է 110 հազարի, մոտ 84 հազար շինություն ամբողջությամբ կամ մասնակի ավերվել է կամ ենթակա է քանդման, Սիրիայում՝ մոտ 8.5 հազար զոհ, 10 հազար վիրավոր, ավերված կամ վնասված մոտ 4000 շինություն: Երկրաշարժից հետո հետցնցումների թիվը անցնում է 4000-ը:
Արմեն Գևորգյան (ՀՀ ՆԳՆ Փ/Ծ փրկարար ուժերի վարչության պետ) - Թուրքիայում փլուզումները մի փոքր տարբերվում էին Սիրիայի փլուզումներից, որովհետև Սիրիայում փլուզվել էին ամբողջովին, եթե շենքը փլուզվել էր, ապա ամբողջովին էր փլուզվել, կրող կոնստրուկցիաները, երկաթբետոնյա կառույցները փշրվել էին համարյա ամբողջովին: Սիրիայում ինքը հողի շերտի էր հիմնականում վերածված:
Փետրվարի 6-ից հետ Թուրքիա էր ժամանել 40 երկրի 174 որոնողափրկարարական թիմ, Սիրիայում աշխատում էր 5 երկրի 8 թիմ: Մեր փրկարարները ակտիվ գործակցել են տարբեր երկրների իրենց գործընկերների հետ:
Գարի Արմաղանյան (ՀՀ ՆԳՆ Փ/Ծ ՃԿԱԿ օպերատիվ հերթափոխի պետ) - Պատահական թիմ չի գնացել, գնացել ա հենց հատուկ որակավորված թիմ, 10 տարի մոտ էդ ծրագրի մեջ ենք, 15 թվին անցանք որակավորում, 22-ի սեպտեմբերին վերաորակավորվեցինք: Ստանդարտներին համապատասխանեցված ենք, թե ունենք գույքը, ոնց որ ստանդարտ լեզու կա փրկարարական խոսալու, մենք էդ թիմի անդամներից մեկն ենք ու բավարարում ենք բոլոր պահանջներին:
Հալեպում փրկարարները հասցրել են նաև դասընթաց կազմակերպել հայ համայնքի համար, թե ինչպես պետք է գործել երկրաշարժի դեպքում: