Հակակոռուպցիոն դատարանում շարունակվեց Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լյովա Սարգսյանի և նրա կնոջ՝ Արմինե Հարությունյանի՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով նիստը: Դատախազությունը պահանջում է Սարգսյանից և նրա կնոջից հօգուտ պետության բռնագանձել շուրջ 4,5 միլիարդ դրամ և 1 միլիարդ 200 միլիոնի գույք:
Լյովա Սագսյանը 2018-ից հետախուզվում է, ըստ դատարան ներկայացված տեղեկության՝ նրա բնակարանի դուռը մշտապես փակ է: Սարգսյանի շահերի պաշտպան Ամրամ Մակինյանն ասաց՝ իր վստահորդը Հայաստանում չէ:
Նախորդ նիստին դատարանը բավարարել էր հայցը փոփոխելու դատախազի միջնորդությունը: Սա հիմք ընդունելով՝ պատասխանող կողմը դատավորին բացարկի միջնորդություն ներկայացրեց:
Ամրամ Մակինյան (պատասխանողի ներկայացուցիչ) - Մենք գտնում էինք, որ դատարանը պետք է թույլ չտա հայցվոր կողմին պահանջել գույք, որն անգամ հայցվոր կողմի համոզմամբ օրինական է:
Մակինյանն ասաց՝ հաղորդում է ներկայացրել ԱԱԾ՝ իշխանական լիազորություններն անցնելու հանցակազմով:
Ամրամ Մակինյան - Երբ որ ես հանցագործության մասին հաղորդում ներկայացրի արդեն ԱԱԾ, ակնհայտ էր, որ դատավորը՝ որպես մարդ, ֆիզիկական անձ, արդեն այս պահից սկսած իմ նկատմամբ կանխակալ և ընդգծված բացասական վերաբերմունք է ունենալու: Այս պայմաններում, գտնում եմ, որ այն անձը՝ նախագահող դատավորը, որն արդեն ունի ակնհայտ բացասական վերաբերմունք այս գործով, չի կարող հանդիսանալ որպես անաչառ դատավոր:
Դատախազի խոսքով՝ Քաղաքացիական օրենսգիրքը հայցի փոփոխություն նախատեսում է, և այն իշխանական լիազորություններն անցնելու որևէ հանցակազմ չունի:
Տիգրան Ենոքյան (ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի տեղակալ) - Հաղորդումը չի ենթադրում դատավճիռ, այն էլ՝ օրինական ուժի մեջ մտած, և այստեղ ներկայացված հանգամանքներից պարզ է դառնում, որ հաղորդումը ներկայացվել է՝ զուտ հաշվի առնելով այն, որ նախագահող դատավորն ընդունել է հայցվորի միջնորդությունը՝ հայցի առարկայի փոփոխության վերաբերյալ:
Դատարանը մի քանի ժամ անց խորհրդակցական սենյակից վերադարձավ և մերժեց միջնորդությունը: Պատասխանողի մյուս ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանն էլ միջնորդեց կասեցնել գործի վարույթը, քանի որ Սահմանադրական դատարանում քննվում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի սահմանադրականության հարցը: Հայցվոր կողմը միջնորդության վերաբերյալ դիրքորոշումը կներկայացնի մարտին:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան