ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չհայտարարված այցով ժամանել է Կիև: Վոլոդիմիր Զելենսկու հետ ԱՄՆ նախագահը նախ եղել է Միխայլովյան տաճարում, որից հետո նախագահները հանուն Ուկրաինայի զոհված հերոսների հիշատակի պատի մոտ հարգանքի տուրք են մատուցել: Ջո Բայդենն ու Վոլոդիմիր Զելենսկին առանձնազրույց են ունեցել, այնուհետև հանդես են եկել հայտարարություններով:
Զելենսկին շնորհակալություն է հայտնել ամերիկացի իր գործընկերոջը պատերազմի առաջին օրից Կիևի կողքին լինելու և հսկայածավալ աջակցություն ցուցաբերելու համար: Նա նշել է, որ Ջո Բայդենի այցը Կիև ունի ռազմավարական նշանակություն, և վստահեցրել՝ այցի արդյունքներն իրենց արտահայտությունը կունենան նաև մարտի դաշտում:
ԱՄՆ նախագահն իր խոսքում նշել է, որ նախապես է զգուշացրել աշխարհին, որ Մոսկվան պատրաստվում է հարձակվել։ Նա նշել է, որ Ուկրաինան ծանր գին է վճարում, և վստահեցրել է, որ Վաշինգտոնի կողմից Կիևին աջակցության հարցում չի լինի որևէ բացթողում:
Վոլոդիմիր Զելենսկի (Ուկրաինայի նախագահ) - Ես իսկապես գնահատում եմ, որ նախագահ Բայդենը այս լայնածավալ պատերազմի հենց սկզբից՝ առաջին իսկ օրից, մեզ հետ է եղել: Կարծում եմ, որ սա պատմական պահ է մեր երկրի համար, և շատ կարևոր ռազմական գործողությունների տեսանկյունից: Հիմա մենք պետք է հասկանանք, թե ինչ կարող ենք անել պատերազմը դադարեցնելու, այս պատերազմում հաջողություն ունենալու, Ուկրաինան ավելի ուժեղ դարձնելու համար:
Ջո Բայդեն (ԱՄՆ նախագահ) - Վաշինգտոնը կօգնի Ուկրաինային այնքան, որքան կպահանջվի: Կիևին ռազմական օգնության նոր փաթեթը կներառի հրթիռային համակարգերի, այդ թվում՝ HIMARS համակարգերի զինամթերք: Անցել է արդեն մեկ տարի, և Կիևը կանգուն է, Ուկրաինան կանգուն է, ժողովրդավարությունը կանգուն է:
ԱՄՆ նախագահն Ուկրաինայից ուղևորվել է Լեհաստան։
ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ Է
ԱՄՆ պետքարտուղարը Թուրքիայում է: Էնթոնի Բլինքենն այսօր հանդիպել է Թուրքիայի արտգործնախարարի և երկրի նախագահի հետ: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ, ի թիվս այլ հարցերի, նախատեսվում էր, որ ԱՄՆ պետքարտուղարը կքննարկի նաև Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը: Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարը հանդիպել էր Թուրքիայի արտգործնախարարի հետ: Բլինքենը հայտարարել էր, որ ավերիչ երկրաշարժերից հետո ԱՄՆ-ը կաջակցի Թուրքիային «այնքան ժամանակ, որքան դրա կարիքը լինի»: Բարձրաստիճան դիվանագետներն անդրադարձել են նաև ռուս-ուկրաինական հակամարտությանը: Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Անկարան չի միանա Ռուսաստանի դեմ միակողմանի պատժամիջոցներին:
ԵՄ-Ն ԿԻԵՎԻՆ ՊԵՏՔ Է ԱՊԱՀՈՎԻ ԲԱՎԱԿԱՆԱՉԱՓ ԶԻՆԱՄԹԵՐՔՈՎ. ԲՈՐԵԼ
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ժամանել է Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ խորհրդի նիստին: Ջոզեպ Բորելը նիստից առաջ հայտարարել է, որ Չինաստանի կողմից Ռուսաստանին ռազմական օգնության հնարավոր տրամադրումը կարմիր գիծ է Եվրամիության և Չինաստանի միջև հարաբերություններում։ Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, թե Չինաստանը դիտարկում է Ռուսաստանին ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը:
Բորելը նշել է նաև, որ Եվրամիությունը պետք է ապահովի, որ Ուկրաինան ունենա բավականաչափ զինամթերք՝ ռուսական ներխուժման դեմ պայքարը շարունակելու համար: «Դա ամենահրատապ խնդիրն է: Եթե մենք չկարողանանք հասնել դրան, պատերազմի արդյունքը վտանգված է»,- ասել է Բորելը: