Տեղի է ունեցել Որոտան-Խոտ ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքում 8-րդ կիլոմետրում գերխոնավացած լանջի փլուզման հետևանքով առաջացած խնդիրներն ուսումնասիրելու նպատակով ստեղծված մասնագիտական հանձնաժողովի երկրորդ նիստը։
Հանձնաժողովի կազմում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, ՀՀ շրջակա միջավայրի, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունների, Սյունիքի մարզպետարանի, Տաթև համայնքի, ճանապարհի վերակառուցումը նախագծած կազմակերպության, շինարարությունն իրականացնող ընկերության ներկայացուցիչներ։
Հանձնաժողովի անդամները եղել են շինհրապարակում, տեղում դիտարկել առկա խնդիրը։ Դաշտային այցին հետևած մասնագիտական քննարկման ընթացքում արծարծվել են մի շարք հարցեր, տրվել են հանձնարարականներ՝ պարզելու գրունտների գերխոնավեցման պատճառները։
Դիտարկվել է Որոտան բնակավայրի տարածքում ճանապարհը նոր ծրագրով կառուցելու հնարավորությունը։ Քննարկվել են նաև այլ հարցեր։
Մասնագիտական բազմակողմանի հետազոտությունների արդյունքներն ունենալուց հետո կհստակեցվեն ճանապարհի տվյալ հատվածի վերակառուցման հետ կապված խնդիրները։
Վերակառուցվող Որոտան-Խոտ 10.3 կմ երկարությամբ ավտոճանապարհի մյուս հատվածներում այս պահին կատարվում են հողային աշխատանքներ։