ՆԳՆ ոստիկանությունում այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր Ներքին գործերի նախարարի տեղակալ-ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը։
Ներկա էին ՆԳՆ ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական վարչակազմի ստորաբաժանումների ղեկավարներ, ծառայությունների, տարածքային վարչությունների ու բաժինների պետեր։
Ողջունելով ներկաներին՝ Արամ Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել ոստիկաններին վերջերս հասարակական հնչողություն ստացած, առանձնապես ծանր ու ծանր հանցագործությունների բացահայտման աշխատանքների, ինչպես նաև հասարակական անվտանգության ապահովման միջոցառումների պատշաճ անցկացման համար։
Միևնույն ժամանակ, նշել է ծառայության մեջ վերջերս տեղ գտած որոշ թերացումներ, որոնցից մի քանիսը նաև հասարակական հնչողություն են ստացել, կոնկրետ ղեկավարների տվել է առարկայական ցուցումներ՝ պահանջելով անձնական պատասխանատվությամբ դրանք իրականացնել սեղմ ժամկետում ու ողջ ծավալով:
ՆԳՆ ոստիկանության պետը շեշտել է հատկապես թմրամիջոցների դեմ պայքարի և ապօրինի զենք-զինամթերքի առգրավման ուղղությամբ ոստիկանության գործունեությունը և հանձնարարել ակտիվացնել աշխատանքներն այդ ուղղությամբ։
Կարևորվեցլ են նաև թրաֆիքինգի դեմ պայքարի, քրեական ենթամշակույթ կրող անձանց կամ, այսպես ասած՝ փողոցային հեղինակությունների հայտնաբերման աշխատանքները, որոնց ուղղությամբ տրվել են կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ։
Խոսելով կատարված աշխատանքի մասին՝ ՆԳՆ ոստիկանության պետը վեր է հանել թերություններն ու խնդիրները։ Նա հատուկ շեշել է ծառայության ընթացքում բացառել կոռուպցիոն որևէ դրսևորում, նաև դեպքեր թաքցնելու արատավոր երևույթը։
ՆԳՆ ոստիկանության պետը պարեկային ծառայությանն ու ճանապարհային ոստիկանությանը հանձնարարել է անզիջում լինել իրավախախտների նկատմամբ, իսկ հովանավորչության դեպքեր կամ արտոնյալներ հայտնաբերելու դեպքում նշված ծառայողները ենթարկվելու են պատասխանատվության։
Արամ Հովհաննիսյանը հանցագործությունների բացահայտման, նաև կանխման նպատակով տարածքային բաժինների ղեկավարությանը հանձնարարել է ակտիվացնել համագործակցությունն ինչպես իրավապահ մյուս կառույցների, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմինների հետ։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև կադրային քաղաքականությանը, ծառայողական կարգապահությանն ու տարածքներում օպերատիվ իրավիճակին վերաբերող այլ հարցեր։