Մոսկվան Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը դիտարկում է որպես Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու փորձ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում բացվել է ԵՄ դիտորդական առաքելության գլխավոր շտաբը:
Մենք արդեն մեկնաբանել ենք Հայաստանում ԵՄ առաքելություն ստեղծելու մասին ԵՄ խորհրդի որոշումը, նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ընդգծելով նոր առաքելության բացառապես քաղաքացիական բնույթը՝ Եվրամիության ներկայացուցիչներն անազնիվ են: Այն ծավալվում է ԵՄ ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության իմաստով: Հետևաբար, պետք է համապատասխանաբար վերաբերվել: Ցավոք, սա առաջին անգամ չէ, որ արձանագրում ենք ԵՄ և ամբողջ Արևմուտքի ցանկությունը՝ ցանկացած միջոցով ամրապնդվել մեր դաշնակից Հայաստանում։ Այդ փորձերում մենք տեսնում ենք բացառապես աշխարհաքաղաքական ենթատեքստ՝ հեռու Անդրկովկասում հարաբերությունների իրական կարգավորման շահերից։ Ամեն ինչ արվում է Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու և անվտանգության գլխավոր երաշխավորի նրա պատմական դերը թուլացնելու համար։ Այս նախաձեռնության վերաբերյալ Բաքվի՝ հրապարակայնորեն արտահայտված բացասական գնահատականներն անտեսվում են»,- հայտարարել է Զախարովան։
Ըստ նրա՝ տարածաշրջանային տարբեր հակամարտությունների կարգավորմանը Եվրամիության մասնակցության փորձը աներկբա չէ։ «Դժվար թե Բրյուսելը կարողանա պարծենալ հաջողությամբ այս ոլորտում։ Վերցնենք, օրինակ՝ միջնորդական ջանքերը և ԵՄ առաքելությունը սերբական Կոսովոյի նահանգում: Սա պետք է հաշվի առնել Հայաստանում նոր առաքելության վերաբերյալ ԵՄ որոշումը գնահատելիս»,- շարունակել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։
Նա համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև պայմանավորվածությունների փաթեթը մնում է տեսանելի ապագայում տարածաշրջանում կայունության և անվտանգության հիմնական գործոնը: «Տարածաշրջանում իրավիճակի բարելավման ամենակարճ ճանապարհն անցնում է դրանց համապարփակ իրականացման միջոցով՝ ներառյալ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը, հասարակության, փորձագետների, կրոնական շրջանակների, երկու երկրների խորհրդարանականների միջև կապերի հաստատումը, ինչպես նաև խաղաղության պայմանագրի ուղղությամբ տարվող բանակցությունները։ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է ամեն կերպ հետագայում էլ նպաստել դրան»,- եզրափակել է Մարիա Զախարովան։