ԿԻԵՎԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾԱՑՆԵԼՈՒ ԿՈՉ ԵՎՐՈՊԱՅԻՆ
Բավարիայի մայրաքաղաքում ավարտվեց Մյունխենի անվտանգության համաժողովը։ Մյունխենում էին 140 պատվիրակներ աշխարհի 96 երկրից: Այս տարվա համաժողովի առանցքում երեք հիմնական թեմա առանձնացավ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը, ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները և փետրվարի 24-ին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման մեկամյակի շրջանակում սպասվող իրադարձությունները:
Ամփոփելով եռօրյա համաժողովի արդյունքները՝ համաժողովի ղեկավար Քրիստոֆ Հոյսգենը Եվրոպային կոչ է արել ավելացնել պաշտպանական ծախսերն ու մեծացնել Ուկրաինային տրամադրվող աջակցությունը: Նա հույս է հայտնել, որ հաջորդ համաժողովին Ուկրաինայի պատերազմն ավարտված, իսկ դրա մեղավորները՝ պատասխանատվության ենթարկված կլինեն:
Քրիստոֆ Հոյսգենն ելույթում ընդգծել է, որ Արևմուտքն ավելի մեծ համբերություն ունի, քան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հոյսգենը խոսել է նաև «անդրատլանտյան միասնության» մասին՝ նշելով, որ Արևմուտքը «հստակ ազդանշան» է տվել։ «Խաղաղությունը երկխոսության միջոցով է հաստատվում: Մենք շատ ուրախ ենք, որ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում, ինչպես նախորդ տարի, շատ երկխոսություններ են տեղի ունեցել»,- ասել է Հոյսգենը:
ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ Է
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեկ մեկնել է Թուրքիա՝ հայտնելու ԱՄՆ աջակցությունը թուրքական կողմին ավելի քան 41.000 մարդու կյանք խլած ավերիչ երկրաշարժից հետո։ Մյունխենի անվտանգության համաժողովից անմիջապես հետո Բլինքենի ինքնաթիռը վայրէջք է կատարել Ինջիրլիքի ավիաբազայում, որը գտնվում է աղետից տուժած Ադանայում:
ԱՄՆ դիվանագիտության ղեկավարն ու Թուրքիայի արտգործնախարարը թռիչքներ են իրականացրել Թուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժից տուժած շրջաններում։ Այնուհետև Ինջիրլիքի բազայում՝ ամերիկացի զինվորականների ու դիվանագետների հետ հանդիպել է աղետից տուժած քաղաքացիների հետ։ ԱՄՆ պետքարտուղարը հայտնել է, որ Վաշինգտոնը 185 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի երկրաշարժից տուժած բնակչությանը:
Այսօր առավոտյան մեկնարկել է Էնթոնի Բլինքենի և Մևլութ Չավուշօղլուի աշխատանքային հանդիպումը, որի շրջանակում նախատեսվում է քննարկել երկկողմ օրակարգի մի շարք հարցեր:
ՈՉՆՉԱՑՎԵԼ Է ԱՐԵՎՄՈՒՏՔԻ՝ ԿԻԵՎԻՆ ՏՐԱՄԱԴՐԱԾ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՄԵԾ ՄԱՍԸ
Ռուսական զինված ուժերը ոչնչացրել են Արևմուտքի կողմից Ուկրաինային տրամադրված ռազմական տեխնիկայի մեծ մասը՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը։ Ծառայությունից նաև հայտնել են, որ իրենց տեղեկություններով՝ 2021 թվականի դեկտեմբերից ՆԱՏՕ-ի երկրները Ուկրաինային են փոխանցել 1170 հակաօդային պաշտպանության համակարգ, 440 տանկ, 1510 հետևակի մարտական մեքենա և 655 հրետանային համակարգ։
ԿԺԴՀ-Ն 2 ԲԱԼԻՍՏԻԿ ՀՐԹԻՌ Է ԱՐՁԱԿԵԼ ՃԱՊՈՆԱԿԱՆ ԾՈՎԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Հյուսիսային Կորեան այսօր առավոտյան երկու բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ: Դրանք թռել են 400 կմ և 350 կմ՝ համապատասխանաբար, 100 կմ և 50 կմ թռիչքի առավելագույն բարձրության վրա։ Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռների արձակումը։ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան առավոտյան հայտարարել է, որ Ճապոնիան պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից արտակարգ նիստ հրավիրել: Հրթիռներն ընկել են Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտու սահմաններից դուրս: Ճապոնիայի առափնյա պահպանությունը հայտնել է, որ տարածաշրջանում նավերի վնասների մասին տեղեկություններ չկան:
Փհենյանն իր հերթին պետական ԶԼՄ-ների միջոցով հայտնել է հրթիռների արձակման մասին՝ նշելով, որ Կորեայի ժողովրդական բանակը պայմանական թիրախներ է խոցել: Կիմ Չեն Ընի կրտսեր քույրը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Փհենյանը կարող է հրթիռներ արձակել Խաղաղ օվկիանոս, հնարավոր է՝ Ճապոնիայի վրայով: Կիրակի օրը ԱՄՆ-ն ռազմաօդային ուժերի առանձին զորավարժություններ է անցկացրել Ճապոնիայի և Հարավային Կորեայի հետ: Փետրվարի 22-ին նախատեսված են Վաշինգտոնի և Սեուլի զորավարժությունները՝ ուղղված միջուկային սպառնալիքների դեմ:
ԻՍՐԱՅԵԼԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՊԱՇՏՊԱՆՎԵԼ ԻՐԱՆԻՑ. ՆԵԹԱՆՅԱՀՈՒ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երեկ կայացած կառավարության նիստում հայտարարել է, որ Իսրայելը կշարունակի պաշտպանվել Իրանից: «Մենք թույլ չենք տա Իրանին միջուկային զենք ձեռք բերել և թույլ չենք տա, որ Թեհրանն ամրանա մեր հյուսիսային սահմանների երկայնքով»,- ասել է Նեթանյահուն։ Նեթանյահուն անդրադարձել է նաև ամերիկյան պաշտոնյաների կողմից կառավարության դատական բարեփոխումների դեմ ուղղված քննադատություններին, հայտարարել, որ Իսրայելը եղել է և կլինի ուժեղ և անկախ ժողովրդավարական պետություն: