1988 թվականի այս օրն է տեղի ունեցել ԼՂԻՄ մարզխորհրդի արտահերթ նստաշրջանը, որտեղ պատգամավորները պատմական որոշում են կայացրել: Արտահայտելով ժողովրդի իղձերն ու նպատակները՝ նստաշրջանում ամրագրվել է. Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզն անջատվում է Խորհրդային Ադրբեջանից ու միանում Խորհրդային Հայաստանին:
Մայր Հայաստանին վերամիավորվելու արդար պահանջով Ստեփանակերտում ու շրջկենտրոններում ամեն օր զանգվածային ցույցեր էին տեղի ունենում: Ղարաբաղյան շարժման ակտիվն ու ԼՂԻՄ մարզխորհուրդն առաջնորդվել են գործող միութենական օրենքով:
Լեռնիկ Հովհաննիսյան (պատմաբան) - Ընդունեցին այն ժամանակվա ԽՍՀՄ սահմանադրությանն ու օրենքներին համահունչ որոշում: Այսինքն՝ իրավական առումով և քաղաքական առումով այդ որոշումն անթերի էր, այսինքն՝ ԼՂԻՄ-ը՝ որպես այն ժամանակվա ԽՍՀՄ գործող ինքնավար կազմավորումներից մեկը, այդ իրավասությունը լրիվ ուներ:
Արտահերթ նստաշրջանի պատմական որոշմամբ փետրվարի 20-ը հետագայում հռչակվեց Արցախի վերածննդի օր:
ՈՐՈՇՈՒՄԸ ՄՆՈՒՄ Է ԱՆՓՈՓՈԽ, ՈԳԻՆ՝ ԱՆԿՈՏՐՈՒՄ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Արցախի խորհրդարանի ու կառավարության անդամները երկրի ղեկավարի գլխավորությամբ հարգանքի տուրք են մատուցել Ստեփանակերտի հուշահամալիրում ամփոփված նահատակներին: Արայիկ Հարությունյանը Ղարաբաղյան շարժման 35-ամյակի առիթով շնորհավորական ուղերձ է հղել:
Արայիկ Հարությունյան (Արցախի նախագահ) - 35 տարի հետո էլ մեր որոշումը մնում է անփոփոխ, ոգին՝ անկոտրում, ուղին՝ անշեղ: Ավելի քան երկու ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի ժողովուրդն իր տոկունությամբ ու հաստատակամությամբ ապացուցեց, որ ինչպես պատմական 88-ին, այնպես էլ այսօր տեր է իր ընդունած որոշմանը, տեր է իր ընտրած ուղուն և իր պապերի հողին, որը միշտ եղել է ու պետք է լինի հայկական:
ԲԱՔՎԻ ՑԵՂԱՍՊԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽԵԼՈՒ ԱՐՑԱԽԻ ԱԺ ԿՈՉԸ
Արցախահայության ազգային-ազատագրական պայքարի 35-րդ տարեդարձին արտահերթ նիստ է գումարել Արցախի խորհրդարանը:
Արթուր Հարությունյան (Արցախի ԱԺ պատգամավոր) - Արտահայտելով Արցախի ժողովրդի կամքն ու ցանկությունները` Արցախի Հանրապետության Ազգային ժողովը կոչ է անում միջազգային կառույցներին և ՄԱԿ-ի անդամ, մասնավորապես Մինսկի խմբի համանախագահ երկրներին՝ հայտարարություններից և հորդորներից զատ, գործնական քայլերով՝ քաղաքական, տնտեսական, ռազմական գործիքակազմերով, կանխել Ադրբեջանի էթնիկ զտումների և ցեղասպան քաղաքականությունը:
Արդբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախը շրջափակման մեջ է 71 օր: