Աշխատանքային ժամին գրասենյակը գրեթե դատարկ է, որովհետև անձնակազմի մեծ մասը հեռավար է աշխատում։ Արտասահմանում ընդունված home-office ռեժիմն իրենք կիրառում են քովիդի փուլից՝ ասում է կազմակերպության ղեկավարը։ Տվյալ պահին տեղում միայն ծրագրերի պատասխանատու տնտեսագետն է։
Շաբաթվա մեջ մեկ օր՝ ուրբաթ, ընկերությունում բոլորին է թույլատրված հեռավար աշխատել․ վաղուց արդեն ոչ թե ներկա-բացական, այլ մարդու տված արդյունքն է գործի գնահատականը՝ ասում է Հովսեփ Պատվականյանը։
Հովսեփ Պատվականյան (Հայաստանի ներդրումային խորհրդի ղեկավար) - Կաշխատի կաֆեից, այգուց, տնից, եթե ինքը կարողանում է արդյունք գեներացնել, ինչու ոչ, եթե այդ իրականության մեջ մենք արդեն ապրում ենք:
Երկրում գործող շատ IT ընկերություններ, ֆինանսական, խորհրդատվական, իրավաբանական գրասենյակներ հեռավար աշխատում են ներքին ակտերի կամ պայմանավորվածության հիման վրա, քանի որ Հայաստանում այսպես կարելի է միայն տարերային աղետի, համաճարակի ժամանակ, այն էլ՝ կորոնավիրուսի փուլում արված օրենքի լրացման շնորհիվ: Խնդիրը կարգավորելու նպատակով Ներդրումային խորհուրդն ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախագիծ են մշակել․ հեռավարը և՛ մարդկանց ձեռնտու կլինի, և՛ շատ բիզնեսների՝ վստահ են։
Հովսեփ Պատվականյան - Գործատուի տեսանկյունից բավականին ծախսերի կրճատում կարող է լինել՝ գրասենյակի վարձակալության, էլէներգիայի, կոմունալ ծախսերի: Եթե դիտարկենք աշխատողի տեսանկյունից՝ բոնուսը ճկունություն է, տրանսպորտային ծախսի կրճատում կլինի, էն մարդիկ, որ երեխաներ ունեն, ավելի ճկուն կարող են իրենց առօրյան կազմակերպել:
Ռուբեն Սարգսյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ) - էս նախագծով փորձում ենք էդ ճկունությունն ապահովել, ի վերջո, երկուսի շահերից ա բխում, պետք ա նստեն բանակցեն, գան համաձայնության, կուզենան՝ առաջին կեսօրը աշխատի հեռավար, կուզենան՝ մեկ շաբաթ՝ մենք էդ դաշտ չենք մտնում, իրենք կորոշեն: Ասում ենք, որ կան էս երաշխիքներն ու հնարավորությունները:
Փոխնախարարի համոզմամբ՝ home-office կարգավորումից Հայաստանում առաջին հերթին կօգտվի մասնավոր բիզնեսը, չնայած պետական կառույցների որոշ օղակներ էլ կարող են անցնել հեռավարի։ Բացառություն կլինեն թերևս որոշ ոլորտներ, արտադրություններ, նաև՝ մարդկանց հետ անմիջականորեն շփում ապահովող կազմակերպությունները։ Փաթեթն ամենակարևորը ֆիքսում է աշխատանքային երաշխիքները․ տնօրենը չի կարող նվազեցնել գործը տնից անողի վարձատրությունը, արձակուրդ չտալ, պարտադրել կամ արգելել անցնել հեռավար գրաֆիկի՝ հատուկ շեշտում է Ռուբեն Սարգսյանը։
Ռուբեն Սարգսյան - Երկու կողմի համաձայնությունն էլ ցանկալի է և պարտադիր է, և, բնական է՝ որևէ ազդեցություն չի թողնում ստաժի և աշխատավարձի վրա:
Հայաստանում այժմ կիսաթույլատրված-կիսաարգելված հեռավար ռեժիմը ե՞րբ օրինական դառնա, քանի՞ վարձու աշխատող այն կնախընտրի՝ գնահատականները դեռ մոտավոր են։ Ե՛վ նախարարությունում, և՛ Ներդրումային խորհրդում համոզված են՝ օրենքի լրացմանը շատերն են սպասում։
Ռուբեն Սարգսյան - Եթե փորձենք տոկոսային մասով հասկանալ, օրինակի համար 10 հոգանոց գրասենյակ ունեցող բիզնեսը՝ մոտ 30 տոկոսը, կարող են անցնել հեռավարի, բայց դա ըստ ոլորտի, իսկ ՏՏ-ում՝ 80-90, ինչու ոչ՝ 100-ի կարող է հասնել, նայած բիզնեսի տեսակը, դրա համար դժվար է սեգմենտավորել:
Հովսեփ Պատվականյան - Ոլորտների մասով երբ ուսումնասիրություն էինք կատարում, 4000-ից ավելի բիզնես դրա կարիքն ունի, հիմնականում՝ տեխնոլոգիաների ոլորտում ու դրա հետ կապված ինժեներիան, բիոտեխնոլոգիաները, քոլ-ցենտր, հաշվապահությունը:
Նախագծին կառավարությունը հավանության տա, երկու շաբաթից ԱԺ կհասնի, մինչև ամառ կընդունվի։
Հեղինակ՝ Հերմինե Բաղդասարյան