Տարբեր պատճառաբանություններով, քաղաքի տարբեր մասերում կարելի է հանդիպել մուրացկանությամբ զբաղվող մարդկանց: Մեկը մյուսից ավելի տխուր պատմություն են ներկայացնում, բայց որքանով են դրանք համապատասխանում իրականությանը, անցորդները, որպես կանոն, չեն հետաքրքրվում: Ովքեր են կանգնած մուրացկանների հետևում՝ ոչ միշտ է ստացվում բացահայտել:
Հարկադրված մուրացկանության վերաբերյալ դատարանում այս պահին քննվում է 4 գործ: Կա 5 մեղադրյալ, 3-ը կալանավորված են:
Տիգրան Պողոսյան (ՀՀ ԳԴ Մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ) - Մեկ դեպքում ծնողն է ստիպել երեխային, որ գնա գումար հավաքի, և այդ գումարների հաշվին, որպեսզի ծնողը հոգա իր կարիքները՝ ալկոհոլի կամ ծխախոտի, մյուս դեպքում էլ նույնպես կապված է արդեն հարևանուհու կողմից ընկերուհու երեխուն նման գործունեության մեջ ներգրավելու և վերջինիս գործունեության արդյունքներով իր կարիքները հոգալու համար, դրանք ներկայումս դատարանում են քննվում են: Մյուս երկու գործերը վերաբերում են հոգեկան հիվանդությամբ տառապող անձանց:
Նման վերջին դեպքը հանրայնացվեց օրեր առաջ: 43-ամյա տղամարդը 14 տարի հարկադրել է 66-ամյա կնոջը զբաղվել մուրացկանությամբ:
Ս. Դ. (Տուժող) - Տարիներով ինչ բերել, ուտելիքս վերցնում ալ, առածս վերցնում ալ, ոչ մի բան չի տալիս: Մարդ ու կնիկ նստում են գիշերը ժամը 1-ին փողը հաշվում, դնում ընդեղ, հետո նորից առավոտ նորից տանում ա Երևանի տարբեր շրջանների մոտ իջացնում, «Շիրակի» մոտ, «Կոնգրեսի» մոտ իջացնում, շտոբի գոստինիցի բիլի, լյուդեյ դենգի պրոսիլա:
Կինը պատմում է, որ օրական պետք է հավաքեր 35.000-ից մինչև 40.000 դրամ, զբոսաշրջային սեզոնի ժամանակ պահանջն ավելի է մեծացել՝ հասնելով 80.000-ի: Մի քանի անգամ փորձել է փախչել, սակայն տղամարդն ամեն անգամ պարզել է նրա գտնվելու վայրը:
Ս. Դ. - Եկել ա, ինձ տեսել ա, մարդ ու կնիկ տաքսի են գցել, տաքսին շատ փող ա տվալ, վայ չքաղաքականացնեն, գցել, մազերս ցիք տալով տարալ ինձ Բյուրեղավան, թակալ ա երեսս, գռմրցրալ, մին ամիս պահալ, նորից էլի տարալ, ինձ ողորմություն խնդրել տվալ:
Վերջին անգամ կինը փախել է հունվարի 31-ին, մի քանի օր մնացել փողոցում, այնուհետև տեղափոխվել անօթևանների կացարան: Այստեղ 66-ամյա կինը նորեկ չէ, տարիներ առաջ փորձել է բռնարարից այս կացարանում թաքնվել:
Շավարշ Խաչատրյան (անօթևանների կացարանի տնօրեն) - Ինքը երևի 14-16 թվականներում ա եղել մեր մոտ, այդ ընթացքում հարազատները իր եկան՝ այդ երկու ամուսինները եկան, ներկայացան, որ իր հարազատներն են, չնայած դրան՝ մենք չէինք կարող արգելել, որովհետև մարդիկ ներկայացան, և Սվետան չասեց, որ նման բան կա, որ իրեն շահագործում են և այլն:
Մուրացկանության հարկադրած 43-ամյա տղամարդը կալանավորված է, նրան մեղադրանք է ներկայացվել մարդուն թրաֆիքինգի ենթարկելու համար: Տղամարդու մոտ իրավապահները հայտնաբերել են 66-ամյա զոհի սոցիալական քարտն ու անձնագիրը, իսկ բնակարանի խուզարկության ընթացքում խոշոր չափի գումար: Տղամարդու կնոջը մեղադրանք չի ներկայացվել, նա վկայի կարգավիճակ ունի:
Գոհար Հարությունյան (Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ) - Կատարված խուզարկությամբ՝ տղամարդու բնակարանից հայտնաբերվել է շուրջ 70.200 ԱՄՆ դոլար, 1.299.750 դրամին համարժեք տեսակավորված և առանձին-առանձին պոլիէթիլենային տոպրակներում խմբավորված մետաղադրամներ: Ինչպես նաև խուզարկությամբ հայտնաբերվել է 66-ամյա կնոջ կենսաթոշակային քարտը:
Անօթևանների կացարանի տնօրենի դիտարկմամբ՝ քիչ չեն նման դեպքերը, որոնք այդպես էլ չեն բացահայտվում: Խոցելի խմբում են նաև իրենց շահառուները: Նրանցից մեկի պատմությունն է ներկայացնում՝ խոհարարության մասնագիտական կուրսեր է անցել, այնուհետև աշխատանք ձեռք բերել, սակայն վերջերս նրան նկատել են մուրացկանությամբ զբաղվելիս:
Շավարշ Խաչատրյան - Մոտեցա, ասում եմ՝ ու՞ր ես, չկաս, և պարզվեց, որ նման տիպի իրան նորից թրաֆիքինգի են ենթարկում, իրենք լինում են միշտ «Կոնգրես» հյուրանոցի կողքը: Ինքը ասաց, որ ինձ կսպանեն, պարոն Խաչատրյան, ես չեմ կարող, ու հեռացավ ինձանից:
Դիմել է ոստիկանություն, սակայն հետագա գործընթացից տեղյակ չէ: Մուրացկանության հարկադրելն աշխատանքային շահագործման տեսակ է համարվում: Այս ծանր հանցագործության համար 5-15 տարվա ազատազրկում է նախատեսվում: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հարկադրված մուրացկանության զոհերին, ինչպես թրաֆիքինգի մնացյալ տեսակների դեպքում աջակցություն է ցուցաբերում:
Քրիստինա Հովհաննիսյան (ՀՀ ԱՍՀՆ հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետ) - Մենք ունենք մի շարք ծրագրեր թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց աջակցելու ուղղությամբ, որոնցից ամենակարևորներից է կացարանների տրամադրումը: Եթե անձը գտնվում ա կացարանում, իր մի շարք ծառայություններից կարող է օգտվել և օգտվում է, ինչպես հագուստ, սնունդ և մյուս այլ մասնագիտական ծառայություններ, ինչպես հոգեբանական աջակցությունը:
Աջակցում են նաև փաստաթղթերը վերականգնելու գործում: Որպես կանոն՝ թրաֆիքինգի ենթարկողները զոհերից առաջինը հենց փաստաթղթերն են վերցնում:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան