ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երկուշաբթի հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ քննարկելու Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին և օգնություն խոստանալու երկու շաբաթ առաջ երկրաշարժերից ցնցված երկրին, հայտնում է Reuters-ը: Կողմերը քննարկել են նաև Ուկրաինային աջակցելու հարցը:
ՆԱՏՕ-ին անդամակցելու հյուսիսային երկրների հայտերը փակուղի են մտել, քանի որ Թուրքիան հրաժարվել է վավերացնել դրանք՝ մասնավորապես հայտարարելով, որ Ստոկհոլմը պատսպարում է ահաբեկչական խմբավորումների անդամներին։ Անկարան վերջերս հայտարարեց, որ հավանություն կտա միայն Ֆինլանդիայի անդամակցությանը դաշինքին։
ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև հարաբերությունների լարվածության պատճառներից մեկն էլ 2019 թվականին Անկարայի կողմից ռուսական հակահրթիռային պաշտպանության համակարգերի ձեռքբերումն էր:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ պետքարտուղար Բլինքենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կաջակցի Թուրքիային «այնքան, որքան անհրաժեշտ կլինի» ավերիչ երկրաշարժի հետևանքները վերացնելու համար:
Միացյալ Նահանգները որոնողափրկարարական թիմ է ուղարկել Թուրքիա՝ բժշկական պարագաների, բետոնը քանդող սարքավորումների և 85 միլիոն դոլար լրացուցիչ ֆինանսավորման հետ միասին՝ որպես մարդասիրական օգնություն, որը նախատեսված է նաև Սիրիայի համար:
ԱՄՆ-ի մարդասիրական օգնության ընդհանուր ծավալը Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի հետևանքների վերացման համար հասել է 185 մլն դոլարի, հայտնել է ԱՄՆ պետքարտուղարությունը: