8 տրլն 496 մլրդ դրամ՝ Հայաստանի 2022 թվականի ՀՆԱ-ն է: Վիճակագրական կոմիտեն հրապարակել է նախորդ տարվա արդյունքները, ըստ որի ՀՆԱ-ն աճել է 12.6 տոկոսով: Այս ծավալը Հայաստանի տնտեսության համար ռեկորդային է:
Ամենաբարձր աճ արձանագրած ոլորտներն են՝ ֆինանսական և ապահովագրական գործունեությունը (46.9%), տեղեկատվությունն ու կապը (45.9%), ինչպես նաև փոխադրումներն ու պահեստային տնտեսությունը (45.2%):
Սոս Խաչիկյան (ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ) - Շատ կարևոր է արձանագրել, որ ինչպես միջազգային, այնպես էլ տեղական մեր բոլոր կանխատեսումները շատ ավելի ցածր ցուցանիշ էին կանխատեսել, և արձանագրվեց համեմատաբար ավելի բարձր:
ՀՆԱ-ի աճ է արձանագրվել բոլոր ճյուղերում, բացի գյուղատնտեսությունից, հանքարդյունաբերությունից, ինչպես նաև առողջապահության և բնակչության սոցիալական սպասարկման ոլորտից:
Կարեն Սարգսյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար) - Գյուղատնտեսությունն այն ոլորտն է, որ ռուս-ուկրաինական պատերազմից ածանցվող այդ գործոններից դրականորեն չի ազդել այդ ոլորտի վրա, ինչպես մյուս ոլորտներն են օգտվել: Նույնը կարելի է ասել հանքարդյունաբերության ոլորտի մասին, հանքարդյունաբերության ոլորտում ռուս-ուկրաինական պատերազմի ազդեցությունները ավելի շատ բացասական են, քան դրական այն առումով, որ բավականին լոգիստիկ խնդիրներ են առաջացել տեղափոխման հետ կապված, նոր շուկաների ի հայտ գալու հետ կապված և, հետևաբար, նաև միջազգային շուկաներում գների որոշակի տատանողականության հետ կապված:
ՀՆԱ-ի կառուցվածքում ամենամեծ կշիռն ունեն մեքենաների առևտրի ոլորտը՝ 11.8 տոկոս, մշակող արդյունաբերությունը՝ 11.7, գյուղատնտեսությունը՝ 10.4 տոկոս:
Սոս Խաչիկյան - Մենք ունենք շատ ավելի մեծ պոտենցիալ, պարզապես այդ պոտենցիալը չի արտահայտվում շրջափակման պատճառով, ճանապարհների ենթակառուցվածքների փակ լինելու պատճառով: Իսկ որպես ներուժ մենք դեռևս ունենք ավելացման տեղ, ՀՀ տնտեսությունը ի վիճակի է դեռևս կլանելու կապիտալ տարբեր երկրներից հատկապես՝ ՏՏ ոլորտում, ֆինանսական ծառայությունների ոլորտում, դրանք ոլորտներ են, որոնք հսկայական մեծ ծավալ կարող են ապահովել Հայաստանում, ապահովելով ՀՆԱ-ի մեծ ծավալներ:
Էականորեն բարելավվել է նաև մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, և, ըստ էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի, համադրելի է Հյուսիսային Մակեդոնիայի և Ալբանիայի հետ:
Կարեն Սարգսյան - Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, եթե մենք հաշվարկում ենք այսօրվա վիճակով, սակայն հիմք ընդունելով դոլարի միջին փոխարժեքը 2022 թվականի, ապա ստացվում է, որ շուրջ 6580 դոլար մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ է արձանագրվել, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի քան 32 տոկոս աճել է, ինչը բավական դրական ցուցանիշ է: Իհարկե, եթե մենք վերցնենք այսօրվա փոխարժեքը՝ շուրջ 395 մոտավորապես, ապա այդ ցուցանիշը անհամեմատ ավելի բարձր կլինի:
Կարեն Սարգսյանի դիտարկմամբ՝ մինչև 2027 թվականը նախատեսված է Հայաստանի ՀՆԱ-ն հասցնել 26 միլիարդ դոլարի:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան