Գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը մասնակցել է ԵՄ/ԵԽ գործընկերություն հանուն լավ կառավարման «Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում» ծրագրի բացման արարողությանը:
«Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում» ծրագիրը նախատեսում է երկրի կարիքներին համապատասխանող աջակցություն՝ արձագանքելով հակակոռուպցիոն բարեփոխումների օրակարգին և անդրադառնալով Եվրոպայի խորհրդի մոնիթորինգային մարմինների կողմից բարձրացված՝ կոռուպցիայի և փողերի լվացման ոլորտներին առնչվող հարցերին:
Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ հակակոռւպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Մուշեղ Բաբայանը, ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Կարեն Բիշարյանը, ՀՀ արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Լեյլա Ժդանովան, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ծրագրերի պատասխանատու Զուզանա Սորոսինովան և այլք:
Գլխավոր դատախազի տեղակալ Մանասյանը բարձր է գնահատել Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի աջակցությունը՝ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում՝ ընդգծելով, որ այդ բնագավառը նաև Գլխավոր դատախազության կարևորագույն առաջնահերթություններից է:
Իր ելույթում գլխավոր դատախազի տեղակալ Մանասյանը կարևորել է համատեղ միջոցառումների անցկացումը՝ ուղղված նշված ոլորտում դատախազների մասնագիտական հմտությունների կատարելագործմանը: Մանասյանի խոսքով՝ կարևոր է ծրագրին ոչ միայն Գլխավոր դատախազության, այլև մարզերի, Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազությունների դատախազների մասնակցությունը:
Անահիտ Մանասյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին կարևոր նախաձեռնության և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում իրականացվող ծրագրերի համար:
Քննարկմանը միջազգային ու ազգային փորձագետները ներկայացրել են կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ իրենց վերլուծությունները: