Տարեսկզբից ուժի մեջ մտած օրենքի փոփոխությունը դատավոր դառնալու նոր հնարավորություններ է ստեղծել: Բարձրագույն դատական խորհուրդն արդեն հայտարարել է հատուկ կարգով որակավորում անցնելու մրցույթները: Սա, եթե պարզ ասենք, ավելի արագ ճանապարհ է դատավոր դառնալու ցանկություն ունեցողների համար: Միայն գրավոր ու բանավոր քննություններ՝ առանց Արդարադատության ակադեմիայում սովորելու պարտադիր պահանջի:
Արուս Հայրապետյան (Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ) - Սա մի նորամուծություն է, որն առաջին հերթին ուղղված է հենց դատական համակարգին, այսինքն՝ դատական համակարգի ծանրաբեռնվածությունը թոթափելուն, պրոֆեսիոնալ իրավաբաններին հնարավորություն տալով ավելի արագ հասնել էն բաղձալի նպատակին, այսինքն՝ դատավորի աթոռին:
6-7 ամսվա ուսուցման անհրաժեշտությունը, որը նոր Դատական օրենսգրքով հանվեց, ըստ Հայրապետյանի, չի խանգարի ճիշտ կադրեր ընտրելուն: Ասում է՝ այն որակյալ իրավաբանները, որ կբավարարեն պահանջներին, կունենան բավարար մակարդակ, միանգամից կընդգրկվեն դատավորների ցանկում ու կկարողանան ավելի արագ աշխատանքի անցնել:
Արուս Հայրապետյան - Բավարար մակարդակը, բացի իրավական գիտելիքներից, նաև որոշակի հմտություններ են, որոնք ինչ-որ մի փուլում անգամ էս որակավորման ստուգման ընթացքում գնահատվում էին հոգեբանների կողմից, նաև, ինչպես գիտեք, այս թեկնածուներն անցնում են բարեվարքության ստուգում, իհարկե այս եզրակացությունները ԲԴԽ-ի համար ունեն խորհրդատվական բնույթ, բայց սրանք մեծապես կարևորվում են՝ կենսափորձ, ճիշտ կողմնորոշվելու ունակություն:
Հմությունների ցանկը երկար չի թվում, դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալը վստահեցնում է՝ միայն իրավական գիտելիքները չեն ստուգելու: Գրավոր փուլը բարդացվել է՝ հիմա թեստից բացի նաև երկու խնդիր է տրվելու: Իսկ ահա բանավորի հանձնաժողովի կազմից, կրկին նոր փոփոխությամբ, դուրս են մնացել հոգեբանները: Այս որոշումը, ըստ Հայրապետյանի, կրկին չի ազդելու ընթացքի վրա, ասում է՝ հոգեբանների կարծիքը խորհրդատվական բնույթ ուներ, իսկ փորձը ցույց է տվել, որ բյուջեի վրա ավելորդ ծանրաբեռնվածություն էր:
Արուս Հայրապետյան - ԲԴԽ-ում նստած են բավարար պրոֆեսիոնալ իրավաբաններ, որոնք ևս իրենց սուր աչքով կարող են գնահատել անձի դատավոր աշխատելու հնարավորությունը կամ չհնարավորությունը:
Հատուկ կարգով որակավորման մրցույթ հիմա երեք ուղղությամբ է հայտարարվել՝ քաղաքացիականի ու վարչականի համար փաստաթղթերի ներկայացման նոր վերջնաժամկետը փետրվարի 24-ն է, իսկ քրեականի համար՝ մարտի 3-ը: ԲԴԽ-ում սպասում են թեկնածուների հայտերին: Հատուկ կարգը, սակայն, չի ենթադրում, որ բացառվելու է դատավոր դառնալու նախկին մեթոդը, որը ներառում է նաև Արդարադատության ակադեմիայի պարտադիր ուսուցումը, բայց, մասնագետի խոսքով՝ սա արդյունավետ ճանապարհ է լրացնելու համակարգում առկա թափուր տեղերը՝ թոթափել ծանրաբեռնվածությունը: Այս պահին թափուր է դատավորի 31 հաստիք: