Հայաստանում հավատարմագրված դեսպաններն Էջմիածնում էին՝ Հովհաննես Հովհաննիսյանի անվան գրադարանին գիրք նվիրելու նպատակով: Առաջարկը համայնքի ղեկավարությանն էր:
Դիանա Գասպարյան (Վաղարշապատ համայնքի ղեկավար) - Գրեթե բոլոր դեսպանությունները գրքեր են նվիրել՝ իրենց լեզվով, հայերենով, Չինաստանի, Ճապոնիայի և այլն, ցանկը սպառիչ չէ, որը հիշեցի՝ ասեցի:
Տարբեր լեզուներով կարդալ սիրողների համար ընտրությունը մեծ է, գրադարակներում մոտ 28 լեզվով գիրք կա: Եվս 200-ը՝ ռուսերենով նվիրեց «Մոսկվայի տունը»: Բազմաժանր գրականության մեջ Վահրամ Կարապետյանը խորհուրդ տվեց ընտրել հատկապես հայոց պատմության վավերագրությունը:
Վահրամ Կարապետյան (Երևանում «Մոսկվայի տուն» կենտրոնի տնօրեն) - Հայ ազգն ունի հարուստ պատմություն, ժողովուրդը պետք է լավ իմանա իր պատմությունը, եթե չիմանաս, չես կարող նախատեսել՝ ինչ կլինի հետո:
Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանն էլ գրադարանին Շեքսպիրի ամբողջական ժողովածուն ու «Հարրի Փոթերի» առաջին գիրքը նվիրեց: Ինքն էլ հոգևոր մայրաքաղաքից գնաց Նարեկացու Մատյանով: Համայնքապետի նվիրած Աղոթագիրքը, ասաց, կարևոր տեղ կգտնի իր գրադարանում:
Ջոն Գալագեր (ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան) - Ես ուրախ եմ, որ Հայաստանում նշվում է Գրքի տոնը: Հիանալի է, երբ ազգը մեծարում է գիրքը, ընթերցանությունը, մշակույթը:
Գրադարանը նոր ու բազմաժանր գրքերով պարբերաբար է համալրվում: Միայն անցած տարի ավելի քան 1300 միավոր գիրք են ստացել, որից 157-ը՝ համայնքային բյուջեի միջոցներով: Նվիրատվություններ են անում թե՛ հրատարակչությունները, թե՛ քաղաքացիները:
Շուշան Նիկողոսյան (ավագ գրադարանավար) - Ընթերցողների թիվն այնքան է շատացել, որ մի քանի օրինակը չի բավականացնում: Շնորհակալ ենք բոլորին, որ համալրեցին մեր ֆոնդը:
Հաճելի անակնկալ կա նաև էլեկտրոնային ընթերցանության սիրահարների համար: Համայնքապետարանը քաղաքի կենտրոնում բջջային գրադարան է տեղադրել, որտեղ 75 անուն գիրք է նկարված: Ցանկալի գիրքը կարելի է ներբեռնել QR կոդի միջոցով և կարդալ: Նման գրադարաններ տեղադրվելու են նաև քաղաքի մարդաշատ վայրերում ու այգիներում:
Մեկ այլ նորություն էլ գրադարանի եռահարկ շենքն է, որի կառուցապատումն իրականացվում է մասնավոր ներդրմամբ: Հովհաննես Հովհաննիսյանի անվան գրադարանն իր բազմահազարանոց գրքային ֆոնդով կտեղափոխվի այստեղ: Ժամանակակից պահանջներին համապատասխան շենքը կառուցվում է համայնքապետարանի հարակից այգում:
Դիանա Գասպարյան - Լինելու են տարբեր սրահներ՝ եվրոպական, հայկական գրականության, երեխաների համար նախատեսված, հանդիսությունների դահլիճներ, վերևի հարկում՝ գրքային սրճարան:
Համայնքի ղեկավարը վստահ է, որ նոր գրադարանն իր ճարտարապետական տեսքով ու գրքային հարուստ ֆոնդով դառնալու է Էջմիածնի այցեքարտերից մեկը: