ՀՀ ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննության ընթացքում բացահայտվել են ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից կաշառք պահանջելու և ստանալու, ինչպես նաև քաղաքացիների կողմից ոստիկանության պաշտոնատար անձանց կաշառք տալու առերևույթ հանցագործությունների նոր դեպքեր:
Մասնավորապես՝ քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսուչներ Ա. Ս.-ն, Մ. Հ.-ն, Վ. Խ.-ն և Հ. Գ.-ն երթևեկության կանոնների խախտումներ թույլ տված մի շարք վարորդների օգտին ապօրինի անգործության՝ խախտումները չարձանագրելու և վարչական պատասխանատվության չենթարկելու համար, վերջիններից որպես կաշառք ստացել են տարբեր չափերի գումարներ:
Ճանապարհային ոստիկանության վերը նշված չորս տեսուչները կաշառք ստանալու կասկածանքով այսօր ձերբակալվել են Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից:
Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ինչպես նաև իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ առերևույթ հանցագործությունների, ինչպես նաև դրանք կատարած անձանց ամբողջ շրջանակը պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: