CNN-ը տեղեկացնում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեկնել է Կիևից: Associated Press-ն էլ հայտնում է, որ Բայդենի Կիև այցից առաջ Սպիտակ տունը կապ է հաստատել Ռուսաստանի հետ՝ երկու միջուկային երկրների միջև կոնֆլիկտային իրավիճակից խուսափելու համար:
Նշվում է, որ մինչ Բայդենը Կիևում էր, ամերիկյան հետախուզական ինքնաթիռները քաղաքը հսկում էին Լեհաստանի օդային տարածքից։
Լրատվական գործակալության տվյալներով՝ ԱՄՆ նախագահը Վաշինգտոնի մոտակայքում գտնվող Էնդրյուս ռազմաբազայից օդ է բարձրացել կիրակի առավոտյան, այնուհետև կանգ է առել Գերմանիայի Ռամշտայն ավիաբազայում, որից հետո մեկնել է Կիև։
Բայդենի օգնականների համեմատաբար փոքր խումբ գիտեր Կիև սպասվող նրա այցի մասին։ Ուղևորությունը պլանավորվել էր ամիսներ շարունակ՝ Պենտագոնի և հետախուզական գործակալությունների մասնակցությամբ: Այցը կապված էր ռիսկերի ու դժվարությունների հետ, քանի որ ԱՄՆ-ն Ուկրաինայում ռազմական ներկայություն չունի, իսկ պատվիրակությունը փոքրաթիվ էր (խորհրդականներ, բժիշկներ և անվտանգության աշխատակիցներ)։