Ի պատասխան փետրվարի 16-ին համացանցում հայտնված տեսանյութերի և լուսանկարների, որտեղ երևում է կովկասյան ազնվացեղ եղջերուների զբոսանքը Դիլիջան քաղաքից դեպի թունել տանող ճանապարհին՝ Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF - Հայաստան) տեղեկացնում է, որ առաջիկայում կսկսվեն ազնվացեղ եղջերուի մասին նախազգուշացնող ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքները համապատասխան ճանապարհահատվածներում։
Դեպքի հետ կապված` Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF-Հայաստան) Դիլիջանի համայնքապետարանի և «Դիլիջան» ազգային պարկի հետ նախաձեռնել է քննարկում։ Վերջինիս արդյունքում հստակեցվել է, որ կա անհրաժեշտություն վարորդներին նախազգուշացնելու կենդանիների առնչման հնարավոր վտանգի մասին և որոշվել, որ շուտով կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշանները։
«Մինչ նշանների և ցուցանակների տեղադրման աշխատանքների ավարտը հորդորում ենք երթևեկելիս լինել զգոն և ուշադիր, քանի որ եղջերուները կարող են կրկին հայտնվել ճանապարհին»,- ասված է ՇՄ նախարարության հաղորդագրության մեջ: