500 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՓԱԹԵԹ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի չհայտարարված այցը Կիև կարճ ժամանակում դարձավ միջազգային լրահոսի գլխավոր թեման: Սպիտակ տան առաջնորդը Ուկրաինայի մայրաքաղաքում ևս մեկ անգամ հաստատեց՝ Վաշինգտոնը Կիևի կողքին է ու պատրաստ է շարունակելու անվերապահ աջակցությունն Ուկրաինային: Նրա խոսքով` ԱՄՆ-ին հաջողվել է ստեղծել երկրների կոալիցիա` Ատլանտյան օվկիանոսից մինչև Խաղաղ օվկիանոս՝ բաղկացած ավելի քան 50 երկրից։
Ջո Բայդեն (ԱՄՆ նախագահ) - Ավելի քան 50 գործընկեր երկրների հետ միասին մենք հավաքել ենք ավելի քան 700 տանկ և հազարավոր զրահամեքենաներ, 1000 հրետանային համակարգ, ավելի քան 2 միլիոն հրետանային արկ, ավելի քան 50 համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, ինչպես նա հակաօդային պաշտպանության համակարգեր:
Բայդենը հայտարարել է 500 միլիոն դոլարի ԱՄՆ օգնության նոր փաթեթի մասին, որն ընդգրկում է զինամթերք հրետանային և հակատանկային զինատեսակների համաը: Պաշտոնապես նոր փաթեթի տրամադրման մասին կհայտարարվի վաղը։ Բայդենը նաև հայտնել է, որ այս շաբաթ ՌԴ դեմ ամերիկյան նոր պատժամիջոցներ կսահմանվեն:
«2023թ-ը պետք է դառնա հաղթանակի տարի, և ավարտվի անվտանգության երկարաժամկետ ամուր երաշխիքներով` ինչպես Ուկրաինայի, այնպես էլ ամբողջ Եվրոպայի և աշխարհի համար»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը:
Վոլոդիմիր Զելենսկի (Ուկրաինայի նախագահ) - Այսօր մենք քննարկել ենք նաև հեռահար սպառազինության մատակարարման հարցը և այն զինատեսակների տրամադրումը, որոնք նախկինում չեն փոխանցվել Կիևին, բայց խիստ կարևոր են: Ուկրաինային տրամադրվող պաշտպանական աջակցության փաթեթը հզոր է, և այն հստակ ազդանշան է, որ Ռուսաստանի վրեժխնդրության փորձերը հաջողության հասնելու ոչ մի հնարավորություն չունեն:
Ուկրաինան լքելուց առաջ Ջո Բայդենը Ուկրաինայի նախագահի հետ այցելել է Կիևի Արիության պուրակ, որտեղ տեղադրված է նաև Ջո Բայդենին նվիրված սալիկ։ Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդականը հայտարարել է, որ Ռուսաստանը նախապես տեղեկացված է եղել նախագահ Բայդենի՝ Ուկրաինա կատարելիք այցի մասին:
«Միացյալ Նահանգները, կոնֆլիկտային իրավիճակներից խուսափելու նպատակով, Ռուսաստանին տեղեկացրել է Բայդենի՝ Կիև այցելելու մտադրության մասին»,- հայտարարել է Ջեյք Սալիվանը։
Associated Press-ն էլ հայտնում է, որ մինչ Բայդենը Կիևում էր, ամերիկյան հետախուզական ինքնաթիռները քաղաքը հսկում էին Լեհաստանի օդային տարածքից։ Այցը նախապատրաստվել է մի քանի ամիս՝ Պենտագոնի և հետախուզական գործակալությունների մասնակցությամբ:
ԲԱՅԴԵՆՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ Է ՍՏԱՑԵԼ. ՄԵԴՎԵԴԵՎ
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Տելեգրամի իր ալիքում անդրադարձել է Բայդենի` Ուկրաինա կատարած այցին, հայտարարել, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն «անվտանգության երաշխիքներ» է ստացել Ուկրաինա մեկնելուց առաջ։
«Բայդենը, նախապես ստանալով անվտանգության երաշխիքներ, վերջապես գնացել է Կիև»,- գրել է նա՝ առանց մեկնաբանելով, թե ինչ երաշխիքների մասին է խոսքը:
ԲԼԻՆՔԵՆԸ ՈՂՋՈՒՆԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՐԸ ԿԻԵՎԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՄ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, քննարկել ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության գործընթացը, երկրաշարժերից հետո Անկարային տրամադրվող օգնության հարցը, ինչպես նաև իրավիճակն Ուկրաինայում: ԱՄՆ պետքարտուղարն ավելի վաղ հանդիպել էր Թուրքիայի արտգործնախարարի հետ: Բլինքենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կաջակցի Թուրքիային «այնքան, որքան անհրաժեշտ կլինի»` ավերիչ երկրաշարժի հետևանքները վերացնելու համար: Միացյալ Նահանգները հատկացրել է ավելի քան 185 միլիոն դոլար լրացուցիչ ֆինանսավորում՝ որպես մարդասիրական օգնություն, որը նախատեսված է նաև Սիրիայի համար:
Չավուշօղլուի հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձ է կատարվել Թուրքիային ամերիկյան կործանիչների մատակարարման հարցին: Բլինքենը հայտարարել է, որ F-16 կործանիչների արդիականացումը և Թուրքիա նոր ինքնաթիռների մատակարարումը կարևոր է նախագահ Ջո Բայդենի վարչակազմի համար: Թուրք նախարարը նշել է, որ երկու երկրի միջև առևտուրն ակտիվորեն զարգանում է, և կոչ է արել չեղարկել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության նկատմամբ պատժամիջոցներն ու «առավել արդյունավետ համագործակցել անվտանգության ոլորտում», մասնավորապես՝ ահաբեկչության դեմ պայքարում։
Մամուլի ասուլիսում Չավուշօղլուն վստահեցրել է, որ Թուրքիայի իշխանությունները թույլ չեն տալիս իրենց երկրի տարածքն օգտագործել հակառուսական պատժամիջոցները շրջանցելու համար: ԱՄՆ պետքարտուղարն էլ ողջունել է Թուրքիայի դերն Ուկրաինային աջակցելու գործում:
ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԿՄԵԿՆԻ ՀՈՒՆԱՍՏԱՆ
Էնթոնի Բլինքենն այսօր Թուրքիայից կմեկնի Հունաստան: Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ԱՄՆ պետքարտուղարի հետ կքննարկի իրավիճակը Ուկրաինայում, էներգետիկան, հույն-թուրքական հարաբերությունները և ՆԱՏՕ-ի հետ կապված հարցեր։ Նրա խոսքով՝ վարչապետի և Թուրքիայից Աթենք ժամանած Բլինքենի հանդիպման օրակարգում ներառված կլինեն «բոլոր հիմնական հարցերը», որոնք վերաբերում են Հունաստանին և միջազգային քաղաքականությանը։