Եվրամիությունն այսօր սկսում է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը (EUMA)՝ Համընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության (CSDP) շրջանակներում:
Առաքելությունը պաշտոնապես ստեղծվել է ԵՄ խորհրդի 2023 թվականի հունվարի 23-ի որոշմամբ: Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմում տեղակայման միջոցով առաքելության նպատակն է նպաստել կայունությանը Հայաստանի սահմանամերձ շրջաններում, ամրապնդել մարդկանց վստահությունն ու անվտանգությունը հակամարտությունից տուժած շրջաններում և ապահովել պայմաններ, որոնք կնպաստեն ԵՄ աջակցությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին:
EUMA-ի բացառապես քաղաքացիական անձնակազմը կկազմի մոտավորապես 100 մարդ, այդ թվում՝ շուրջ 50 անզեն դիտորդներ:
Առաքելության օպերատիվ շտաբը կլինի ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում։ ԵՄ Քաղաքացիական պլանավորման և վարման կարողությունների գործադիր տնօրեն Ստեֆանո Տոմատը նշանակված է քաղաքացիական գործողությունների հրամանատար, իսկ Մարկուս Ռիտերը՝ առաքելության ղեկավար:
Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 27-ին բարձր ներկայացուցչին ուղղված նամակում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը ԵՄ-ին հրավիրել է Հայաստանում քաղաքացիական առաքելություն ծավալելու։
2023 թվականի հունվարի 23-ին Խորհուրդը որոշում կայացրեց ստեղծել չեզոք և ոչ գործադիր առաքելություն, որի մանդատը տևելու է 2 տարի: