Հանգստյան օրերին կայացել են Հայաստանի բասկետբոլի կանանց առաջնության 2022/23 մրցաշրջանի եզրափակիչ հանդիպումները:
Չեմպիոնի կոչումը նվաճել է «Հատիսը»՝ կանանց կանոնավոր առաջնության եզրափակչում 73:68 հաշվով առավելության հասնելով «Լես Ֆոքսիսի» նկատմամբ: Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ է դարձել Ակիմա Ռիչարդսը «Լես Ֆոքսիս» ակումբից՝ վաստակած 37 միավորով: Նա նաև 16 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 6 արդյունավետ փոխանցում: Ակիմա Ռիչարդսը ճանաչվել է նաև առաջնության լավագույն պաշտպան:
Առաջնության լավագույն խաղարկող է ճանաչվել Լուսինե Տիտանյանը («Լես Ֆոքսիս»), լավագույն թեթև հարձակվող՝ Լուսինե Սեդրակյանը («Երևան Բասկետ») լավագույն ծանր հարձակվող՝ Շել Դանիելսը («Երևան Բասկետ»), լավագույն կենտրոնական՝ Նարինե Գյոկչյանը («Հատիս»), իսկ լավագույն մարզիչ՝ Արեգ Վաթյանը («Հատիս»):
Առաջնության ամենաարժեքավոր խաղացողի կոչմանն արժանացել է Սեդա Գաբրիելյանը` «Հատիս» ակումբից: Հայաստանի կանանց կանոնավոր առաջնության 2022/2023 թթ. մրցաշրջանում 3-րդ տեղը զբաղեցրել է «Երևան Բասկետը»: Բրոնզե մեդալի համար խաղում «Երևան Բասկետը» 78:71 հաշվով առավելության է հասել «Գյումրիի» նկատմամբ: