Վերջին տվյալներով՝ Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 47 հազարի, որից 41.020-ը՝ Թուրքիայում, 5800-ը՝ Սիրիայում, հայտնում է BBC-ն:
Ըստ գործակալության՝ Սիրիայում զոհերի թիվը մի քանի օր է՝ չի փոխվել, և դա կարող է վկայել, որ ողբերգության իրական չափերն անհայտ են։
Թուրքիայի զոհերի թիվը նույնպես կարող է աճել, քանի որ ավերվել է 345.000 բնակարան, իսկ բազմաթիվ մարդիկ դեռ անհայտ կորած են համարվում:
Թուրքիայի AFAD փրկարար ծառայության ղեկավարը հայտարարել է, որ ցնցումների էպիկենտրոնին ամենամոտ գտնվող Քահրամանմարաշ քաղաքում փրկարարական աշխատանքները մոտենում են ավարտին։ «Քահրամանմարաշում դեռ 19 շենքում պետք է աշխատանքներ կատարվեն, դրանք շարունակվում են նաև Ադըյամանի Չինար տեղանքում: Որոնողափրկարարական աշխատանքները հիմնականում կավարտվեն վաղը երեկոյան»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ասել է, որ երկրաշարժից փրկված 890 հազար մարդ տեղավորվել է հանրակացարաններում, ևս 50 հազարը՝ հյուրանոցներում, ընդհանուր առմամբ մոտ 1,6 միլիոն տուժածներ գտել են ժամանակավոր տներ։ Թուրքիայի նախագահը նաև հայտարարել է, որ երկրաշարժերի հետևանքով ավերված շենքերի 98%-ը կառուցվել է մինչև 1999 թվականը, սակայն կան ապացույցներ, որ ավելի շատ ժամանակակից տներ են վնասվել աղետից: