ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Կիև կատարած այցի արդյունքները շուտով տեսանելի կլինեն մարտի դաշտում, որտեղ Ուկրաինայի զինված ուժերը հակադրվում են ռուսական բանակին։ Այդ մասին հայտարարել է հանրապետության նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, նրա խոսքը մեջբերում է RBC-Ukraine-ը։
Բայդենի հետ բանակցությունները Զելենսկին որոշիչ է անվանել Ռուսաստանի հետ հակամարտությունում և խոստացել, որ այդ հանդիպումն Ուկրաինային կհանգեցնի «պատմական ձեռքբերումների»։
Ելույթ ունենալով Կիևում՝ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Ուկրաինային կտրամադրվի 500 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ, որը կներառի հրետանային զինամթերք, հակաօդային պաշտպանություն, հակատանկային համակարգեր և այլ զինատեսակներ:
Մոսկվան հուսով է, որ ԱՄՆ նախագահն Ուկրաինայի նախագահ Զելենսկուն կդրդի խաղաղ բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ։ Նման կարծիքով Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Սվետլանա Ժուրովան արձագանքել է ամերիկացի ղեկավարի այցին Կիև: