Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ, հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով հարավկորեական զինվորականներին։
Տեղեկությունը հաստատել են նաև ճապոնական լրատվամիջոցները։ Ճապոնիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ արձակված հրթիռներից առաջինը թռել է 100 կմ բարձրությամբ, թռիչքի հեռահարությունը եղել է մոտ 400 կմ։ Երկրորդ հրթիռի թռիչքի բարձրությունը եղել է 50 կմ, հեռահարությունը՝ մոտ 350 կմ։
Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ երկուշաբթի առավոտյան իր զինվորականները կրակային վարժանքներ են անցկացրել՝ օգտագործելով մի քանի հրթիռային համակարգեր:
Փհենյանն ընդգծել է, որ զորավարժություններն ուժեղացրել են Կորեայի ժողովրդական բանակի պատրաստականությունը՝ արձագանքելու Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի օդային ուժերին։
Տոկիոն որոշել է հարցը ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանը, Սեուլն էլ նախատեսել է կարճ ժամանակում պատժամիջոցներ սահմանել ԿԺԴՀ հրթիռային ծրագրի հետ կապված չորս անձի ու հինգ կազմակերպության դեմ:
ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընի քույրը՝ Կորեայի աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի բաժնի վարիչի տեղակալ Կիմ Յո Չժոն հայտարարել է, որ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները չեն ուղղվի Սեուլին, քանի որ իր երկիրը մտադրություն չունի գործ ունենալ Հարավային Կորեայի հետ։
Նա նաև նախազգուշացրել է Սեուլին ու Վաշինգտոնին՝ հայտարարելով. «Մենք հետևում ենք թշնամիների յուրաքանչյուր գործողությանը և դրանց ծայրահեղ վճռականորեն կպատասխանենք»:
ԱՄՆ ԶՈՒ Հնդկա-Խաղաղօվկիանոսյան հրամանատարությունն էլ վստահեցրել է, որ ԿԺԴՀ-ի արձակած հրթիռներն անմիջական սպառնալիք չեն ԱՄՆ-ի կամ նրա դաշնակիցների համար։