Հայաստանի համար կարևոր քաղաքական զարգացումների կենտրոնն այս շաբաթ միայն Մյունխենը չէր: Անկարայում՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց, Հայաստանի Հանրապետության դրոշն էր ծածանվում, ներսում քննարկվում էին հարաբերությունները կարգավորելու հնարավորությունները:
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ առանձնազրույցից ու ընդլայնված կազմերով հանդիպումից հետո, լրագրողների առաջ Մևլութ Չավուշօղլուն հայտարարեց՝ հավատում են, որ Հայաստանի մարդասիրական ժեստը օգնելու է Հարավային Կովկասում կարգավորման գործընթացին:
Կյանքեր փրկելու համար Թուրքիա մեկնած խումբը, հնարավոր է, փրկի նաև տասնամյակներ ձախողված հարաբերությունները: Հայաստանի մտադրությունների անկեղծությունը Անկարան նրանց արձագանքով է չափել. Չավուշօղլուն ընդգծեց՝ տեսնում էին, թե ինչպես են ամեն կյանք փրկելիս հայ մասնագետներն ուրախանում:
Փորձագետները նաև նկատել են, որ այս հանդիպմանը պրոադրբեջանական Անկարան որոշ առումով փոխել էր իր բառամթերքը: Իսկ գործնական գլխավոր քայլը, թերևս, Մարգարայի կամրջի մի քանի անգամ շահագործումն էր նախ՝ մարդասիրական բեռների տեղափոխման, հետո մեր փրկարարների վերադարձի համար:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան