Նախորդ տարի՝ Հայաստանի մշտական բնակչության թիվն ավելացել է 15.400-ով: 1991 թվականից ի վեր առաջին անգամ ժողովրդագրական վիճակը բարելավել է երկու ասպեկտով: Միգրացիայի դրական սալդոն կազմել է 5900, իսկ ծնելիության և մահացության բնական հավելաճը՝ 9548: Միգրացիայի մնացորդը դրական է եղել նաև 2020-ին, բայց դա պայմանավորված էր կորոնավիրուսի սահմանափակումներով:
Արտակ Մարկոսյան (ժողովրդագիր) - 91 թվականից բոլոր իրականացված հաշվարկների արդյունքում առաջին լուրջ հավելաճն է բնակչության թվաքանակի: Մենք ունեցել ենք մեկ անգամ ևս 2012 թվականին, բայց էն ժամանակ դա ձևավորվել էր հիմնականում բնական հավելաճի հաշվին, քանի որ միգրացիոն սալդոն բացասական է եղել:
Ժողովրդագիրը նշում է, որ Հայաստանի բնակչությունը 91 թվականից սկսած միայն նվազել է՝ 3.5 մլն-ից 2021-ին հասնելով 2 մլն 961 հազարի: Այս հավելաճը, ըստ մասնագետի, երկրի համար անհրաժեշտություն է, քանի որ այնպիսի տարածաշրջանում ենք, որտեղ հարևան երկրների բնակչությունը դինամիկ աճ է գրանցում:
Արտակ Մարկոսյան - 2008-2017 թվականներին մենք բավական լուրջ բնակչության արտահոսք ունեցանք, և միգրացիոն սալդոն մինչև այնտեղ 25-30 հազարի էր հասնում, 16-17 թվականներին այդպիսի ցուցանիշներ են գրանցվել, ապա 2018 թվականից հետո չեմ ասի դրական դուրս եկավ, բայց բավական լուրջ սկսեցին նվազել միգրացիոն սալդոյի ցուցանիշները, թեև դեռևս դրական ցուցանիշի դուրս չէին եկել, բայց այդ գործընթացը, համենայնդեպս, արտագաղթի ցուցանիշը սկսեց կամաց-կամաց նվազել:
Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից հայտնում են՝ միգրացիոն դրական սալդոն խոսում է երկրի գրավչության մասին:
Նելլի Դավթյան (ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության հանրային կապերի պատասխանատու) - Այսինքն՝ և՛ սեփական քաղաքացիների հանդեպ, և՛ օտարերկրյա քաղաքացիների հանդեպ ձգող և վանող գործոնների համադրությունն է, այսինքն՝ որքան այս երկրում վանող գործոններն են շատ և հարևան կամ հեռավոր պետություններում ձգող գործոններն են շատ, այնքան էստեղից գնում են և ճիշտ հակառակը, եթե մենք տեսնում ենք, որ ավելի շատ եկել ենք մեր երկիր էսինչ ժամանակահատվածում, քան գնացել են, ենթադրելի է, որ որոշակի պատկեր է փոխվել:
Դավթյանը մեկ այլ ցուցանիշ է նշում՝ հայկական անձնագրով սահմանահատումների տարբերությունը նախորդ տարի բացասական է եղել, և հիմնականում միգրացիայի դրական մնացորդի վրա ազդել են օտարերկրյա անձնագրով քաղաքացիների մուտքերի և ելքերի տարբերությունը:
Նելլի Դավթյան - Սահմանահատումները, իհարկե, արտագաղթի և հայրենադարձության մասին չեն, այդ մուտքերի մեջ, օրինակ՝ ՌԴ քաղաքացիների մուտքերն ու ելքերը դիտարկելիս վերջին տարվա ընթացքում մենք կարող ենք տեսնել մեր հայրենակիցների մուտքերը, որոնք ունեն Ռուսաստանի քաղաքացիություն, և հաճախ նրանք աշխատանքային միգրանտներ են, և տեսնենք, օրինակ՝ ռուսաստանցիների կամ ազգությամբ ռուսների ելքերը և դրանց տարբերությունն ենք տեսնում, այդ տարբերությունը 2022-ին կազմում է 65 հազար:
Բնակչության աճին նպաստած բնական հավելաճը, ըստ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի, որոշակիորեն պայմանավորված է պետական աջակցության ծրագրերով:
Դավիթ Խաչատրյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ) - Մեր ընդհանուր ծնունդների մեջ բավականին մեծ տեղ ունենք արդեն երրորդ և հաջորդ ծնված երեխաների մասով: Օրինակի համար կարող եմ ասել, որ 2017 թվականին ծնված երեխաների թվում 22 տոկոսն էր, որ երրորդ կամ հաջորդ երեխան էր ընտանիքում և 2021-22 թվականներին արդեն մոտեցել է 33 տոկոսին: Սա արդյունք է այն բանի, որ կառավարությունը ծնունդի հետ կապված աջակցություններն ու ծրագրերը շեշտադրել է հատկապես երրորդ և հաջորդի մասով:
Առաջին և երկրորդ երեխաների ծննդի դեպքում պետությունը միանվագ հատկացնում է 300 հազար, իսկ երրորդի դեպքում՝ 1 մլն դրամ, բացի այդ, մինչև 6 տարեկանը լրանալը յուրաքանչյուր ամիս 50 հազար դրամ է հատկացվում երրորդ երեխայի համար: Նաև բնակարանային մատչելիության ապահովման ծրագրեր կան:
Արտակ Մարկոսյան - ՀՀ որևէ մարզում բնական հավելաճի բացասական ցուցանիշ չի արձանագրվել: Մենք վերջին տարիներին այդպիսի բավական լուրջ խնդիր ունեինք, մասնավորապես Լոռու մարզում վերջին 20 տարվա կտրվածքով անընդհատ գրանցվում էր շատ լուրջ բնական բացասական հավելաճ, այս տարի Լոռու մարզում էլ թեթև, դրական 42 մարդով նույնիսկ բնական հավելաճ ունենք: Սա պետք է դիտարկենք, որ այն սոցիալ-տնտեսական ծրագրերը, որ իրականացվում են մարզերում, ենթակառուցվածքային, որոշակի ազդեցություն սկսել են ունենալ նաև մարզերի ընդհանուր իրավիճակի հետ:
Մարկոսյանի կանխատեսմամբ՝ ժողովրդագրական իրավիճակի բարելավման միտումն այս տարի ևս կպահպանվի: Փորձագետին լրացնում է փոխնախարարը՝ շեշտելով պետությունը հստակ քայլեր է ձեռնարկում դրա համար: Խաչատրյանը շեշտում է՝ երկրի զարգացման համար շատ կարևոր է ժողովրդագրական պատկերը:
Դավիթ Խաչատրյան - Միայն սրանք թվեր չեն, մարդկանց, բնակչության թիվը չի այստեղ, նաև սեռատարիքային կազմն է և, մասնավորապես, տարիքային, ու, ամենակարևորը՝ արտադրողականությունն է ու կրթությունը: ՀՀ-ն այսօր հետաքրքրական է դառնում ապրելու, աշխատելու և ստեղծելու առումով, և շատերը եկածներից՝ տարբեր երկրներից, մասնավորապես՝ Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, իրենց հետ բերել են իրենց գիտելիքները, աշխատանքային փորձը, բարձր արտադրողականությունը և նաև ընտանիքներին, ովքեր նաև սոցիալիզացվել են, և շատերն իրենց պատկերացնում են ավելի երկար ժամկետում բնակվելու համար:
Ըստ Դավիթ Խաչատրյանի՝ նախարարությունն այս պահին Հայաստանի ժողովրդագրության բարելավման ռազմավարության մշակման վերջնական փուլում է, որը շուտով կներկայացվի կառավարության հաստատմանը:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան