ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Լաչինի միջանցքով ազատ և բաց առևտրային և մասնավոր տարանցման անհրաժեշտության մասին։
Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսի հայտարարության մեջ։
«Նա ի գիտություն է ընդունել վերջին մի քանի ամիսների ընթացքում խաղաղության համաձայնագրի ուղղությամբ երկու կողմերի ձեռք բերած զգալի առաջընթացը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ կողմերին Բրյուսելում հանդիպելու առաջարկը։ Քննարկման ընթացքում պետքարտուղարն ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ և բաց առևտրային և մասնավոր տարանցման անհրաժեշտությունը։
Նա նաև հորդորել է կողմերին բացել այլ տրանսպորտային ուղիներ»,- ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչի հայտարարության մեջ։