Փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը, ըստ Bloomberg գործակալության, 84 միլիարդ դոլարի վնաս է հասցրել տնտեսությանը։ Վկայակոչելով Գործարարների կոնֆեդերացիայի և երկրի գործարար շրջանակների ներկայացուցիչների գնահատականները՝ Bloomberg-ը նշում է, որ միայն բնակֆոնդի վնասը մոտ 71 միլիարդ դոլարի է հասնում, եկամուտների կորուստը՝ 10.5 միլիարդ, իսկ աշխատուժինը՝ 3 միլիարդ դոլար կլինի։ Այս հաշվարկները հիմնված են 1999 թվականին Ստամբուլի մոտ տեղի ունեցած երկրաշարժից հետո տնտեսական վերլուծությունների վրա: Այնինչ, 24 տարի առաջ տեղի ունեցած երկրաշարժի ընթացքում զոհերի թիվը հասել էր 19.000-ի, այս դեպքում մի քանի անգամ ավելի է:
Արմեն Քթոյան (ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի վարիչ) - Երկրաշարժի գոտում բնակվում է ավելի քան 15 մլն մարդ, ընդ որում՝ երկրաշարժի գոտին առավել ցածր եկամուտով և աղքատության բարձր մակարդակով Թուրքիայի գոտիներն են, ռեգիոններն են, էստեղ միջին եկամուտը տնային տնտեսության, եթե դոլարով արտահայտված ասենք, տարեկան կտրվածքով 1300-1500 դոլար է, որը որ Թուրքիայի միջինից էականորեն ցածր է: Սա իր հետ նոր սոցիալական խնդիրներ ի հայտ կբերի, թուրքական կառավարությունը հատկապես նախընտրական այս ժամանակահատվածում փորձելու է պոպուլիստական քայլերի գնալ, արագ հատուցել մարդկանց վնասները կամ աջակցության տարբեր փաթեթներ կիրառել, որոնք որ թուրքական դեֆիցիտային առանց այդ էլ բյուջեի համար լուրջ ծախս կհանդիսանան և ֆինանսական կայունության մասով էլի միջնաժամկետ հատվածում լրացուցիչ ռիսկեր կստեղծեն:
Զեկույցի համաձայն՝ հասցված վնասը կարող է այս տարի երկրի բյուջեի դեֆիցիտը հասցնել ՀՆԱ-ի ավելի քան 5,4%-ի՝ պաշտոնական կանխատեսման 3,5%-ի փոխարեն: Թուրքիայում առանց այդ էլ բարձր գնաճի և լիրայի արժեզրկման ֆոնին այս բնական աղետը ավելի խոցելի է դարձրել երկրի տնտեսությունը: Սակայն, մասնագետների գնահատմամբ՝ 99-ի երկրաշարժի համեմատ, այս դեպքում Թուրքիայի տնտեսությունն անկում չի արձանագրի:
Նարեկ Կարապետյան («Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ) - 99 թվականին Թուրքիայի տնտեսությունը 3.3 տոկոս տնտեսական անկում էր արձանագրել և, ըստ էության, նաև ԱՄՀ պաշտոնյայի գնահատականը էն մասին է, որ դժվար թե Թուրքիայի տնտեսությունը անկման դաշտ մտնի և հիմնականում էս կարծիքի հիմքը կայանում է նրանում, որ Թուրքիան բավականին ցածր պետական պարտքի բեռ ունի, և դա հնարավորություն է տալիս մեծ ռեսուրսներ մոբիլիզացնել ու ուղղորդել տուժած շրջաններ, և դա, բնականաբար, լրացուցիչ տնտեսական ակտիվություն կգեներացնի և թույլ չի տա շատ մեծ տնտեսական անկում ունենալ:
Մերձավոր Արևելքի ինստիտուտը մինչդեռ կարծում է, որ Թուրքիայի տնտեսությունը, ամենայն հավանականությամբ, կգնա լճացման կամ բնական տեմպից ցածր աճ կգրանցի:
«Գնաճը կգերազանցի սպասելիքները: Թեև էներգակիրների գները դեռևս նվազում են, դեֆիցիտը կմնա բարձր, քանի որ արտադրական կարողությունները և արտահանման մակարդակը նվազում են: Հնարավոր է զբաղվածության զգալի անկում: Կառավարությունը ստիպված է լինելու փոխել կամ գոնե վերանայել տնտեսական մոդելը»:
Իրավիճակով պայմանավորված փակվել էր նաև Ստամբուլի ֆոնդային բորսան, որին աջակցելու համար, ինչպես նշում է Financial Times-ը, Թուրքիան կենսաթոշակային հիմնադրամների վրա է հույսը դրել:
«Էրդողանի կառավարությունը հրամայել է մասնավոր կենսաթոշակային հիմնադրամներին մեծացնել թուրքական բաժնետոմսերը: Մասնավոր կենսաթոշակային հիմնադրամներից կպահանջվի դրա համար նախկին 10-ի փոխարեն հատկացնել միջոցների 30 տոկոսը»:
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ մեկ տարվա ընթացքում կավարտեն բնակարանաշինությունը, և նախնական մոտ 5.3 միլիարդ դոլար է հատկացվել աղետի հետևանքով տուժածների համար:
Արմեն Քթոյան - Թուրքական տնտեսությունը աշխարհում 20-րդն է, եթե անվանական թվերով ենք նայում, եթե դիտարկում ենք գնողունակության համարժեքությամբ, ապա Թուրքիան այսօր ունի աշխարհում 11-րդ ՀՆԱ-ն, ինչը լուրջ է: Թե ի՛նչ հետևանքներ այս ամենը կունենա, կախված է նաև քաղաքական լուծումներից, ընտրությունների արդյունքները ինչպիսին կլինեն, և ինչպիսի տնտեսական քաղաքականություն կտարվի:
Նարեկ Կարապետյանը, մինչդեռ, թեև արձանագրում է Թուրքիայի տնտեսության դերն աշխարհում, սակայն նախ շեշտում է, որ ի տարբերություն Ուկրաինայի, որտեղ բազմաթիվ երկրներ և ֆինանսական կառույցներ պատրաստ են վերականգնման համար ներդրում իրականացնել, այս դեպքում մեծ հոսքեր չեն սպասվում:
Նարեկ Կարապետյան - Առանձին երկրներ, օրինակ՝ Սաուդյան Արաբիան, Կատարը և էդ թվում Ռուսաստանը, իրենք են որոշակիորեն պատրաստակամություն հայտնել աջակցելու Թուրքիայում տնտեսական կորուստների վերականգնմանը:
Ըստ մասնագետների՝ Թուրքիայից Հայաստան ներմուծվող ապրանքների ծավալը այնքան մեծ չէ, որ խնդիրներ առաջացնի և ազդի մեր տնտեսության վրա:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան