Հարկային օրենսգրքի փոփոխությունները զբոսաշրջության տարբեր օղակների միջև լուրջ տարաձայնություններ են առաջացրել։
Յաշա Սոլոմոնյան (Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի նախագահ) - Հարկային դաշտերում փոփոխություններ են պարտադրում մասնագետներին, ինչը հավելյալ ֆինանսական ծանրաբեռնվածություն է պահանջում:
Օրենսդրական փոփոխություններից հետո տուրօպերատորները ստիպում են իրենց հետ աշխատող զբոսավարներին՝ գրանցվել որպես շրջանառության հարկ վճարող:
Սաթի Մանուկյան (տուրիստական ընկերության համահիմնադիր) - Իրենք եթե դա չեն անում, մնում են միկրոձեռնարկություն, որին հակված են մեծ մասը, դա տուրօպերատորներին է փաստի առաջ կանգնեցնում, քանի որ մենք պետք է փաթեթի գին բարձրացնենք:
Հարկային օրենսգրքի 2022 թվականի նոյեմբերի փոփոխություններից հետո միկրոբիզնեսից ապրանք կամ ծառայություն գնելով՝ մեկ այլ ձեռնարկություն չի կարող հանել այդ ծախսը եկամտահարկի իր բազայից։ Այդ պատճառով փաստացի խոշոր բիզնեսի համար նման գործարքները հարկվելու են 18 տոկոս եկամտահարկով։ Իսկ եթե միկրոձեռնարկատեր համարվող զբոսավարները, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցում 24 մլն դրամը և 2019 թվականից ազատված են հարկերից, փոխեն իրենց գործունեության տեսակը, ապա կհարկվեն իրենք՝ 5 տոկոս:
Սաթի Մանուկյան - Հիմա էլ պիտի մտածենք, ոնց ճիշտ կառուցենք մեր հարաբերությունները ներքին գործընկերների հետ, ու աշխատենք սելեկտիվ, ովքեր կփոխեն իրենց գործունեության տեսակն ու իրենց հետո աշխատենք, որ կորուստը լինի 5 տոկոս իրենց գրպանից, այլապես մենք 20 տոկոս ենք տալու, և դա հնարավոր չէ:
Փաթեթներն առանց այս փոփոխության էլ թանկացել են՝ տարադրամի փոխարժեքի պատճառով: Յաշա Սոլոմոնյանը օրինակով է բացատրում:
Սոլոմոնյանը հիշեցնում է՝ երբ միկրոձեռնարկությունները հարկերից ազատելու մասին օրենքն ընդունվեց, տուրիստական ընկերությունների դրդմամբ զբոսավարները ԱՁ բացեցին՝ դառնալով միկրոձեռնակարտեր: Իսկ նրանց հետ տուրիստական ընկերությունները աշխատում էին պայմանագրային հիմունքներով:
Յաշա Սոլոմոնյան - Շահութահարկի և ԱԱՀ դաշտում աշխատող օպերատորը եթե մինչև էս տարի վճարում էր անում զբոսավարին, գաստրոբակին, դա համարվում էր ծախս, և նա շահութահարկի դաշտում կարողանում էր ծախս ցույց տալ, օրենքի փոփոխությամբ դա էլ ծախս չի համարվի, և ստիպում է՝ փոխել շրջհարկի դաշտ, որ կատարած վճարումը ցույց տա ծախս:
Տարադրամի տատանումների պատճառով նաև տուր օպերատորներն են տուժել՝ մանրամասնում է Սաթի Մանուկյանը:
Տուրօպերատորներն այլ խնդրի էլ են բախվում՝ ցանկացած փաթեթ մշակվում է կես տարի առաջ, և մինչև հարկային օրենսգրքի փոփոխությունները ուժի մեջ կմտնեին, արդեն իսկ հաստատված գնացուցակ ունեին:
Սաթի Մանուկյան - Ըստ պայմանագրի՝ իրավունք չունենք գները փոխելու:
Սոլոմոնյանի համոզմամբ՝ տուրիզմի մասով օրենքը վերանայելու անհրաժեշտություն կա: Սուսաննա Հակոբյանը նշում է՝ գերատեսչությունների հետ քննարկումներ չեն եղել, բայց եթե ոլորտի ներկայացուցիչները համալիր գրավոր վերլուծություն ներկայացնեն, կլինեն նաև քննարկումներ:
ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սուսաննա Հակոբյան - Տարբերակված հարկային մոտեցում այս պահին չի քննարկվում:
Հարկային բարեփոխումը չի արվել՝ թիրախում ունենալով զբոսավարին կամ զբոսաշրջության ոլորտը: Իսկ ոլորտի ներկայացուցիչների բարձրացրած հարցերը դեռ միայն բանավոր տիրույթում են:
Յաշա Սոլոմոնյանը նշում է՝ զբոսավարների համար խնդրի լուծման լավագույն տարբերակ է կա՛մ միկրոձեռնարկատեր մնալը, կա՛մ տուրօպերատորների հետ քաղիրավական պայմանագիր ստորագրելը: Հակառակ դեպքում, եթե գիդերն անցնեն շրջհարկի, ապա այս դեպքում էլ կբարձրանա իրենց օրավարձը:
Թե ի վերջո ոլորտի 2 օղակները ինչ համաձայնության կգան՝ դեռ հստակ չէ:
Զբոսաշրջային կոմիտեից նշում են՝ ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունեցել են, միշտ բաց են քննարկումների համար:
Զուգահեռ ծառայությունների ինքնարժեքի որոշ չափով բարձրացումը փորձում են կոմպենսացնել մարկետինգային քայլերով: Նաև ոլորտի զարգացման հետ կապված ռազմավարություն են մշակում, որը պատրաստ կլինի 2023-ի վերջին: Արդեն իսկ այդ ռազմավարության թիրախային շեշտադրումներն ունեն:
Ամեն դեպքում, տարին դրական դինամիկայով է սկսվել: 2019-ի հունվարին եթե Հայաստան ժամանել էր 119 548 զբոսաշրջիկ, 2020-ին՝ 142 370, ապա 2023-ի հունվարին՝ 159 475:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան