Արդեն երկրորդ օրն է` Բավարիայի մայրաքաղաքում շարունակվում է Մյունխենի անվտանգության համաժողովը: 140 պատվիրակներ աշխարհի 96 երկրից Գերմանիայում են: Այս տարի համաժողովն ընթանում է առանց Ռուսաստանի և Իրանի: Մյունխենում են Եվրոպայի եռյակի առաջին դեմքերը, ԱՄՆ փոխնախագահը, պետքարտուղարը և 60 կոնգրեսական, Չինաստանի արտաքին գործերի նախկին նախարարը, Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի ղեկավարները, Ուկրաինայի նախագահը՝ հեռավար ձևաչափով, տասնյակ նախարարներ տարբեր երկրներից: Ի թիվս այլ հարցերի` այս տարվա համաժողովի գլխավոր թեման ռուս-ուկրաինական հակամարտությունն է: 1963 թվականից սկսած` Մյունխենի անվտանգության ամենամյա համաժողովը դարձել է միջազգային անվտանգության քաղաքականության կարևոր որոշումների կայացման հարթակը:
ՀԱՐԻՍԸ ՌԴ-ԻՆ ՄԵՂԱԴՐԵԼ Է ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Մյունխենի անվտանգության համաժողովի իր ելույթում Միացյալ Նահանգների փոխնախագահ Քամալա Հարիսը Ռուսաստանին մեղադրել է ռազմական հանցագործությունների համար: Նա նշել է, որ ԱՄՆ-ն պաշտոնապես հայտարարում է, որ Ռուսաստանը հանցագործություններ է կատարել մարդկության դեմ և պատասխանատվության կենթարկվի դրա համար: Նա խոստացել է ամրապնդել միասնական անդրատլանտյան ճակատը՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման դեմ պայքարելու համար։ Հարիսն ընդգծել է, որ Հյուսիսային Կորեան և Իրանը զենք են ուղարկում Ռուսաստան՝ նպաստելով դաժան պատերազմի ընթացքին:
«Մենք նաև անհանգստացած ենք, որ Պեկինը խորացնում է իր հարաբերությունները Մոսկվայի հետ»,- հայտարարել է Միացյալ Նահանգների փոխնախագահը:
ՍՏՈԼՏԵՆԲԵՐԳԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է, ՈՐ ՌԴ-Ն ՉԻ ԾՐԱԳՐՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Մյունխենի անվտանգության ֆորումի իր ելույթում Արևմուտքին հորդորել է Ուկրաինային տրամադրել այն, ինչ անհրաժեշտ է «Եվրոպայում որպես ինքնիշխան, անկախ պետություն հաղթելու համար»: Երեկ Մյունխենի համաժողովի բացման ժամանակ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին դաշնակիցներին կոչ էր արել արագացնել Ուկրաինային զենքի մատակարարումները: Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահը չի ծրագրում խաղաղություն, այլ նախապատրաստվում է նոր հարձակումների:
Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը հայտարարել է, որ պետք է ապագայում թույլ չտալ նույն սխալները Չինաստանի և, իր բնորոշմամբ, այլ ավտորիտար ռեժիմների հետ՝ բացառելով այդ երկրների որևէ ոլորտից կախվածությունը:
«Իհարկե, մենք պետք է շարունակենք առևտուրը և տնտեսական գործակցությունը Չինաստանի հետ, բայց մեր տնտեսական շահերը չեն կարող գերիշխել մեր անվտանգային շահերին»՝ հայտարարել է Ենս Ստոլտենբերգը:
Եվրամիությունը նպատակ ունի միավորել ուժերը դաշինքի պաշտպանական արդյունաբերության շուրջ՝ արագացնելու և մեծացնելու Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցությունը՝ Մյունխենում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը: Նա կոչ է արել գործընկերներին համախմբվել ու գործել ինչպես համավարակի ժամանակ: Ֆոն դեր Լայենն ընդգծել է, որ դաշինքը չի կարող ամիսներ և տարիներ սպասել, որպեսզի կարողանա համալրել սեփական ռազմական պաշարները կամ զինամթերք ուղարկել Ուկրաինա։
«Այժմ իսկապես ժամանակն է արագացնել արտադրությունը և մեծացնել ստանդարտացված արտադրանքի արտահանումը, քանի որ Ուկրաինան դրա կարիքը շատ ունի»,- շեշտել է Եվրահանձնաժողովի նախագահը:
ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՆՏԱՐԲԵՐ ՉԷ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՀԱՐՑՈՒՄ. ՎԱՆ ՅԻ
Չինաստանն անտարբեր չէ ուկրաինական ճգնաժամի հարցում, բայց նաև կրակի վրա յուղ լցնողի դերում չէ՝ Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ հայտարարել է Չինաստանի կոմկուսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Վան Յին: Նրա խոսքով` Չինաստանը դիրքորոշում կհայտնի Ուկրաինայի ճգնաժամի քաղաքական լուծման վերաբերյալ: Վանը նաև հայտարարել է, որ կան «որոշ ուժեր, որոնք կարծես թե չեն ցանկանում, որ բանակցությունները հաջողության հասնեն կամ պատերազմն ավարտվի»: Չինաստանի բարձրաստիճան դիվանագետը, սակայն, չի հստակեցրել, թե ում մասին է խոսքը:
ԲԵՐԲՈՔԸ ՆՇԵԼ Է, ՈՐ ԲԵՌԼԻՆԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՊԵԿԻՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
Ուկրաինայում տիրող իրավիճակից խաղաղ լուծում գտնելու մասին Պեկինի հայտարարություններին անդրադարձել է Գերմանայի գլխավոր դիվանագետը: Աննալենա Բերբոքը նշել է, որ Բեռլինը ողջունում է Պեկինի դիրքորոշումը:
«Որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ՝ Չինաստանը պարտավոր է օգտագործել իր ազդեցությունը՝ համաշխարհային խաղաղությունն ապահովելու համար»,- ասել է Բերբոքը։
Գերմանիայի արտգործնախարարն անդրադարձել է նաև Իրանին: Պետք է խուսափել Իրանի հետ միջուկային էսկալացիայից՝ Մյունխենի անվտանգության համաժողովի ընթացքում հայտարարել է Բերբոքը:
«Միջուկային էսկալացիան պետք է կանխվի: Դա մեր դիվանագիտական ջանքերի կիզակետն է»,- նշել է արտգործնախարարը: