ՉԻՆԱՍՏԱՆԸ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՆ ԴԵՄ ԵՆ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Չինաստանի կոմկուսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Վան Յին և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Մյունխենում տեղի ունեցած հանդիպման ընթացքում դեմ են արտահայտվել միակողմանի գործողություններին, որոնք հանգեցնում են աշխարհում ձևավորված մատակարարման շղթաների ոչնչացմանը: «Չինաստանը և Գերմանիան պետք է համատեղ ջանքերով աջակցեն բազմակողմ մեխանիզմներին ու ազատ առևտրին, միասնաբար հանդես գան մատակարարումների շղթաների խզման դեմ»,- ասել է Չինաստանի բարձրաստիճան դիվանագետը: Օլաֆ Շոլցն էլ հայտարարել է, որ Բեռլինը դեմ է այն գործողություններին, որոնք խաթարում են տնտեսական ինտեգրումը։ Նա վստահեցրել է, որ Գերմանիայի իշխանությունները մտադիր են զարգացնել ՉԺՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերությունները։ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքի հետ հանդիպման ժամանակ Վան Յին նախազգուշացրել է Ուկրաինայում ճգնաժամի պատճառով «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք-2» գազատարներում պայթյունների միջադեպերի կրկնության վտանգի մասին: Չին դիվանագետը հավաստիացրել է, որ իր երկիրը մտադիր է նպաստել ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանը։
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՎՐԵԺ ԼՈՒԾԵԼ ԻՐԱՆՑԻՆԵՐԻՑ. ՌԱՅԻՍԻ
Միացյալ Նահանգները լուրջ սխալ հաշվարկ է կատարել՝ տասնամյակներ տևած պատժամիջոցներ կիրառելով Իրանի դեմ և թերագնահատելով Իրանի ժողովրդի վճռականությունն ու հաստատակամությունը՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին։ Պեկին կատարած այցի ժամանակ China Media Group-ի հետ բացառիկ հարցազրույցում Ռայիսին նշել է, որ Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցներն ամենաշատը վնասել են հասարակ ժողովրդին: «Նրանք պնդում են, որ իրենց պատժամիջոցներն ուղղված են միայն Իրանի կառավարության դեմ, բայց դրա արդյունքում իրականում ժողովուրդն է տուժել: Միացյալ Նահանգները փորձում է վրեժ լուծել իրանցիներից»,- հայտարարել Իրանի նախագահը՝ մեկնաբանելով «իրանցիները ստիպել են Ամերիկային ճաշակել պարտության դառնությունը վերջին 44 տարվա ընթացքում»: Ռայիսին ընդգծել է, որ չնայած ԱՄՆ գործող նախագահը պնդում է, որ իր նախորդը սխալ քաղաքականություն է որդեգրել, Թեհրանը տեսնում է, որ Բայդենի վարչակազմը Թրամփի վարչակազմից տարբերվող ոչինչ չի արել։
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԵՎ ՍԻՐԻԱՅՈՒՄ ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՏԵԼ Է 47 000-Ը
Թուրքական Հաթայում երկրաշարժից 296 ժամ անց փլատակներից մարդ է փրկվել: Փրկարարաները տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, մասնագետների խոսքով՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում: Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 47 000 մարդ է զոհվել:
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱՆ ՆՈՐ ԲԱԼԻՍՏԻԿ ՀՐԹԻՌ Է ԱՐՁԱԿԵԼ
Հյուսիսային Կորեան այսօր հեռահար բալիստիկ հրթիռ է արձակել, որն ավելի քան 5 կիլոմետր բարձրության վրա մոտավորապես 900 կիլոմետր է անցել։ Հրթիռի արձակումը հաստատել է նաև Ճապոնիայի առափնյա պահպանությունը։ Ճապոնական կողմը տարածաշրջանում գտնվող նավերին կոչ է արել զինամթերքի բեկորների հայտնաբերման դեպքում չմոտենալ դրանց և անմիջապես կապ հաստատել իշխանությունների հետ: Ավելի վաղ, Հյուսիսային Կորեան սպառնացել էր «աննախադեպ» պատասխան տալ, քանի որ Հարավային Կորեան և Միացյալ Նահանգները Հյուսիսային Կորեայի միջուկային և հրթիռային աճող սպառնալիքների ֆոնին պատրաստվում են զորավարժությունների: