Որո՞նք են առողջապահական հիմնախնդիրները Շիրակում։ Բժիշկները քննարկում են ծառայությունները մարզի բնակչությանը հասանելի և մատչելի դարձնելու ճանապարհները: Շտապ օգնության մեքենայով հիվանդանոց դիմելու դեպքում բուժծառայությունն անվճար չէ՝ ասում է «Գյումրի» բժշկական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը:
Արմեն Խաչատրյան («Գյումրի» ԲԿ բուժական գծով տեղակալ) - Անվճար բուժօգնությունից օգտվում են հատուկ սահմանված կարգով. զինծառայողներ, կարգ ունեցողներ, նաև սոցփաթեթով սպասարկվողներ:
Բուժօգնությունը բոլորի համար անվճար է պոլիկլինիկաներում: Դրանցից մեկի ղեկավարը խորհուրդ է տալիս չշրջանցել առողջության պահպանման առաջնային, կանխարգելիչ օղակը։
Առողջապահական ծառայությունների հասանելիությունը բոլորի համար ամենակարևոր խնդիրն է, և պետությունը գնում է այդ հնարավորության ապահովմանը՝ ասում է Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պատասխանատուն։
Լեյլի Ասլանյան (Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պատասխանատու) - Իհարկե, հասանելիությունը բավարար չէ, դրա համար տարիներ շարունակ այդ հարցը քննարկվել է, և դրա համար պետք է ապահովագրական համակարգը մուտք գործի առողջապահության ոլորտ:
Առողջության համապարփակ ապահովագրական համակարգը կներդրվի փուլերով՝ 2024-ից մինչև 2027 թվականը՝ ապահովելով ամբողջական ծածկույթ։ Թոշակառուներն ու սոցիալական խմբերն ամբողջությամբ պետության հոգածության տակ կլինեն, իսկ չաշխատող քաղաքացիները որոշակի սուբսիդավորում կստանան պետությունից: Ապահովագրությունը հնարավորություն կստեղծի ծառայությունների հասանելիության, օրինակ՝ Շիրակում մամոգրաֆիկ ծառայություն կհիմնվի։ Բացի դրանից՝ պետք է մտածել նաև այն մասին, որ ապահովագրված բուժառուները ստիպված չլինեն հասնել Երևան։
Պետպատվերով կամ համավճարով հետազոտվել կամեցողների թիվը երբեմն այնքան մեծ է լինում, որ հիվանդանոցներում ստիպված հերթագրում են, և շաբաթներ անց է միայն հնարավոր լինում հետազոտվել։ Մասնագետները չեն բացառում, որ պարտադիր ապահովագրության ներդրման պարագայում դիմելիությունն ավելի կմեծանա։
Առաջնային պահպանման օղակում ևս փոփոխություններ են նախատեսված։ Ապահովագրմանը զուգահեռ պոլիկլինիկաներում կներդրվի բուժական ծառայության որակով պայմանավորված վճարման համակարգ։
Առանց անհրաժեշտության ստացիոնար բուժման ուղեգրելու փոխարեն առաջնային օղակի բժիշկը կձգտի բուժումը տեղում իրականացնել, որպեսզի ավելի շատ վարձատրվի: