Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում է: Անվտանգության համաժողովի շրջանակում վարչապետը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ԵՄ-ն Հայաստանում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումների հիմնական գործընկերն է, և շնորհակալություն է հայտնել այդ ուղղությամբ ցուցաբերվող օժանդակության համար: Ուրսուլա Ֆոն դեր Լայենն էլ բարձր է գնահատել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը և հայտնել ԵՄ պատրաստակամությունը` շարունակելու աջակցության ծրագրերը մեր երկրին: Մտքեր են փոխանակվել Եվրամիության Արևելյան գործընկերության տնտեսական ու ներդրումային պլանի շրջանակում ՀՀ-ում իրականացվելիք ծրագրերի շուրջ: Հարավային Կովկասում առկա իրավիճակին էլ է անդրադարձ կատարվել:
Հանդիպումից հետո Ֆոն դեր Լայենը Թվիթերում գրել է՝ ԵՄ-ն Հայաստանի հուսալի գործընկերն է, և հաջորդ շաբաթ Հայաստան է ուղարկվելու խաղաղությանն ու կայունությանը նպաստող 100 հոգանոց առաքելություն։ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը նաև ողջունել է ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում ձեռք բերված առաջընթացը, նշել, որ հետագայում ևս զարգացնելու են ներուժը տնտեսական ներդրումների ծրագրերով:
Հայաստանի ղեկավարը հանդիպել է նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հետ: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և ընդգծել միջազգային հանրության շարունակական ու հետևողական քայլերի իրականացման անհրաժեշտությունը` խնդրի լուծման նպատակով: Անդրադարձել են Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության գործունեությանը, հույս հայտնել, որ այն կնպաստի խաղաղության ու կայունության ամրապնդմանը:
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում վարչապետ Փաշինյանը երկկողմ հանդիպում է ունեցել նաև Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հետ: Հայաստանի վարչապետը նշել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծվել է հումանիտար ճգնաժամ, արդեն ավելի քան մեկ ամիս է՝ Ադրբեջանն արգելափակել է նաև էլեկտրամատակարարումը, լուրջ խնդիրներ են առկա գազի մատակարարման հետ կապված: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս ամենն առաջացնում է ոչ միայն հումանիտար, այլև բնապահպանական ճգնաժամ: Խնդրի լուծման հարցում վարչապետը կարևոր է համարել միջազգային հանրության հասցեական ու հետևողական արձագանքը: Կողմերն անդրադարձ են կատարել նաև Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության գործունեությանը և ընդգծել տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդման կարևորությունը:
Լատվիայի նախագահ Էգիլս Լևիցի հետ էլ վարչապետ Փաշինյանը հանդիպել է ու անդրադարձել Հայաստանում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումներին և կարևորել Եվրոպական միության շարունակական աջակցությունը` դրանք արդյունավետ կյանքի կոչելու գործում: Վարչապետը շեշտել է, որ ժողովրդավարության զարգացումն ու ամրապնդումը Հայաստանի կառավարության համար ունի ռազմավարական նշանակություն: Նիկոլ Փաշինյանը և Էգիլս Լևիցին մտքեր են փոխանակել նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների, ԼՂ հիմնախնդրի շուրջ: Երկուստեք կարևորվել է Եվրոպական միության քաղաքացիական առաքելության գործունեությունը Հայաստանում:
Մյունխենում Անվտանգության համաժողովը մեկնարկել է փետրվարի 17-ին, կշարունակվի մինչև 19-ը: Հենց համաժողովում իր ելույթում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտությանը, Կովկասում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում շարունակվող պատերազմներին, ահաբեկչության դեմ պայքարին, միջուկային անվտանգությանը: Նրա խոսքով՝ այսօր իրենց խնդիրն է բացատրել, բացահայտել, որ Ռուսաստանն անկայունություն ու քաոս տարածող ուժ է, ինչն էլ անում է ոչ միայն Ուկրաինայում, այլև Կովկասում: Մակրոնը Ռուսաստանը նեոգաղութային է որակել և կասկած հայտնել, թե Ռուսաստանը կարող է Կովկասի մարտահրավերները կարգավորել: Նա շեշտել է, որ ամենն ասում եմ իր ընկերոջ` վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, որին հետագայում ևս կաջակցեն և կշարունակեն գործակցել նրա հետ:
Հեղինակ՝ Անի Օհանյան