Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման արարողությանը: Համաժողովին մասնակցում են մի քանի տասնյակ երկրների ու միջազգային կառույցների ղեկավարներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահը, Գերմանիայի կանցլերը, ԱՄՆ փոխնախագահն ու պետքարտուղարը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը: Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում վարչապետ Փաշինյանը կարճատև հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանի անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերի շուրջ:
ԿԿԱԶՄԱԿԵՐՊՎԻ ՀԱՅ-ԻՐԱՔՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏ
Իրաքի վարչապետ Մոհամմեդ Շիա Սուդանի հետ հանդիպմանը կարևորվել են հայ-իրաքյան հարաբերությունների զարգացումը տարբեր ուղղություններով, այդ թվում` քաղաքական և տնտեսական: Կողմերն ընդգծել են Հայաստան-Իրաք առևտրատնտեսական կապերի խորացման անհրաժեշտությունը, երկու երկրների գործարարների միջև գործակցության ընդլայնումն ու ամրապնդումը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում կնախանշվեն հետագա քայլերն ու համատեղ ծրագրերը: Կարևորվել է նաև միջազգային հարթակներում փոխշահավետ գործակցությունը:
Առևտրաշրջանառության ու գործարար կապերի ընդլայնման թեման եղել է նաև Նիկոլ Փաշինյանի և Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հանդիպման առանցքում: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության թեմաների շուրջ:
ՓԱՇԻՆՅԱՆԸ ԵՎ ԴԸ ԲՈԼԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ
Վարչապետը հանդիպել է նաև Եվրապոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլի հետ: Քննարկվել են հանցավորության դեմ պայքարում գործակցության հեռանկարները: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի ոստիկանական համակարգում իրականացվող բարեփոխումներին ու ծրագրերին: Քեթրին դը Բոլն արդյունավետ է գնահատել Հայաստանի իրավապահ մարմինների հետ գործակցությունը և ընդգծել Եվրապոլի պատրաստակամությունը` շարունակելու սերտ աշխատանքը հայ գործընկերների հետ:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՇԱՌԼ ՄԻՇԵԼԻ ՀԵՏ
Մինչև համաժողովի մեկնարկը Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Քննարկման առանցքում են եղել տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը, Հայաստան-Եվրամիություն գործակցությանը վերաբերող հարցեր: