Երկար ժամանակ է՝ միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի ուղղությամբ, ինչը մեր տարածաշրջանի համար մեծ ռիսկեր է ստեղծում: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում անդրադառնալով տարածաշրջանի համար ուկրաինական ճգնաժամի հետևանքներին:
«Մենք հավատարիմ ենք մեր ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին: Տարբեր ոլորտներում մեր իրականացրած բարեփոխումները տարածաշրջանում ավելի լավ միջավայր կստեղծեն»,- ընդգծել է վարչապետը:
Փաշինյանը նշել է նաև, որ Հարավային Կովկասի երեք երկրների ղեկավարների հանդիպումը պատմական է: «Պետք է ընդգծել պատմական միջավայրը: Ունենք տարբեր արդյունքներ, հետևանքներ: Պետք է լինենք դեպի արդյունքները կողմնորոշված. մենք նման դիրքորոշում ենք որդեգրել»,- ասել է Փաշինյանը:
Վրաստանի վարչապետն իր հերթին նշել է, որ Ուկրաինայում հակամարտությունը մեծ մարտահրավեր է: Նա նշել է, որ 2008 թ. պատերազմից հետո Թբիլիսին ջանքեր է գործադրել լարվածությունը թուլացնելու ուղղությամբ:
«Խորացրել ենք ԵՄ ուղղությամբ քայլերը: Այս տարի էլ ԵՄ խորհուրդը մեզ անդամակցության հեռանկար շնորհեց: ՌԴ-ն կենտրոնացած է Ուկրաինայի ուղղությամբ, մենք պետք է ամեն ինչ անենք, որ պատերազմը դադարի: Վրաստանն ունի իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու խաղաղ նախագիծ»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին: