Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Գիտական և գիտատեխնիկական գործունության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Նախատեսվող առանցքային փոփոխությամբ ստեղծվելու է նոր մարմին՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն: Նպատակը, ըստ նախագիծը հեղինակած Գիտության կոմիտեի, բարձրագույն կրթության և գիտության բնագավառների մեկ միասնական քաղաքականության իրականացումն է և բնագավառների պետական ֆինանսավորման արդյունավետության բարձրացումը:
Անի Վիրաբյան (Գիտության կոմիտեի գիտության քաղաքականության և զարգացման բաժնի պետ) - Միաձուլման կերպով վերակազմակերպվում են Բարձրագույն որակավորման կոմիտեն, Գիտության կոմիտեն, և նոր ստեղծվող մարմին են փոխանցվում Գիտության կոմիտեի ու ԲՈԿ-ի գործառույթները, ինչպես նաև նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության գործառույթները:
Գործող օրենքն ընդունվել է 2000 թվականին: Ըստ Վիրաբյանի՝ Սահմանադրության 2015 թվականի փոփոխություններից հետո օրենքը պատշաճ չի վերանայվել, և բարեփոխումների կարիք կար: Մեկ այլ կարևոր փոփոխություն է գիտական աշխատողի աշխատանքի վարձատրության և թոշակավորման, գիտական աստիճանի համար ամենամսյա հավելավճարի տրամադրման ընթացակարգի կանոնակարգումը: Պետական բյուջեի հաշվին գիտական աստիճանի համար հավելավճար նախատեսվում է տրամադրել պետական ֆինանսավորման բազային ծրագրերում ներգրավված և աշխատանքի լրիվ ծանրաբեռնվածությամբ աշխատող գիտական աշխատողներին, ինչը, ըստ գերատեսչության, լրացուցիչ խթան կհանդիսանա ոլորտում հիմնական աշխատանքի անցնելու և մնալու համար:
Անի Վիրաբյան - Իսկ 70 տարին լրացած և 30 տարվա գիտական - գիտատեխնիկական գործունեության ստաժ ունեցող գիտաշխատողները պետական գիտական ծրագրերում այլևս ընդգրկված չլինելու դեպքում վերջին 10 տարում 8 տարի գիտական աստիճանի համար հավելավճար ստացած լինելու դեպքում կենսաթոշակից բացի, յուրաքանչյուր ամիս կստանան ամենամսյա դրամական վճար:
Նախատեսվում են նաև գիտությունների ազգային ակադեմիային վերաբերող մի շարք բարեփոխումներ, որոնց մշակմանը մասնակցել է նաև ակադեմիան:
Արթուր Խաչատրյան (ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար) - Ակադեմիային վերաբերող մասով առաջին հերթին այն, որ նախատեսվում է ստեղծել ակադեմիայի կառավարման խորհուրդ, որում կներգրավվեն, բացի ակադեմիայի ներկայացուցիչներից, նաև այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ: Ակադեմիայի մասով կարևոր սկզբունքներից մեկը նաև այն է, որ սահմանվում է կառավարման մարմիններում ներգրավված անձանց համար տարիքային բարձրագույն շեմ՝ 75 տարի:
Փետրվարի 20-ին նախագծի շուրջ Գիտության Կոմիտեում լինելու են բաց հանրային լսումներ: Արդարադատության նախարարության փորձագիտական եզրակացությունից հետո այն ներկայացվելու է կառավարության քննարկմանը:
Հեղինակ` Լուսինե Գրիգորյան