ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում «Շարժե՞լ լեռները: Հարավային Կովկասում անվտանգության կառուցումը» խորագրով թեմատիկ քննարկման ժամանակ անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտությանը և դրա ազդեցությանը տարածաշրջանի վրա:
Պաշտոնյան իր խոսքի սկզբում անդրադարձել է Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի հետևանքների վերացմանը Կովկասի պետությունների արձագանքին:
«Թույլ տվեք սկզբում հայտնել խորին շնորհակալությունը երեք երկրների ղեկավարներին՝ Թուրքիայում և Սիրիայում ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացմանն ուղղած ջանքերի համար: Հատկապես Ձեզ, վարչապետ Փաշինյան: Գիտեմ, որ Ձեր ԱԳ նախարարը Թուրքիա էր մեկնել՝ հանդիպելու իր թուրք գործընկերոջ հետ: Այս ողբերգության օրերին հնարավոր է ուղիներ գտնել՝ համագործակցելու համար: Միգուցե Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը չունի ուղղակի ազդեցություն, սակայն Սև ծովի տարածաշրջանում, ընդհանուր առմամբ, առաջացել է անկայունության և վտանգի խոր զգացողություն: Այդ իսկ պատճառով էլ, կարծում եմ, անհրաժեշտ է պահպանել երկխոսության ուղիները: ԵԱՀԿ-ն այդ առումով ունի մանդատ՝ զարգացնելու տարածաշրջանային համագործակցությունը, զարգացնելու առևտրային կապերը: Այժմ դժվար է կառուցել կայուն խաղաղություն և հասնել հաշտեցման»,- ասել է Շմիդը:
Նրա խոսքվ՝ դեռևս կան կարևոր խնդիրներ, որոնց պետք է անդրադարձ կատարվի:
«Խոսքը սահմանի, անհետ կորած անձանց, ձերբակալված անձանց, ինչպես նաև ականների մասին է: Ուստի շատ կարևոր է օգտագործել մեր ունեցած բոլոր միջոցները՝ վստահության կառուցման համար: Օրինակ՝ կարելի է նկատի ունենալ տարածաշրջանային մարդասիրական ականազերծումը: Մենք մեծ աշխատանք ենք տանում երեք երկրի երիտասարդության հետ, քանի որ նրանք են ապագայի ղեկավարներին մեկ սեղանի շուրջ նստեցնողները: Նաև ամբողջի մասը պետք է կազմեն կանայք:
Ես աջակցում եմ նաև Բրյուսելի առաջնորդած երկխոսությանը, քանի որ կարծում եմ` այն կարող է բերել կոնկրետ արդյունքների և արդեն համաձայնեցված ճանապարհային քարտեզների իրագործմանը: Ի վերջո, հակամարտությունից տուժած մարդիկ ավելի լավ ապագայի են արժանի»,- եզրափակել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը: