Խնամատարության զարգացման նպատակով Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը տարեսկզբից նոր գործակցություն է սկսել «ՍՕՍ մանկական գյուղեր» բարեգործական հիմնադրամի հետ:
Հուշագրով, ըստ գերատեսչության պատասխանատուի, խնամատար ընտանիքները ստանալու են աջակցություն՝ այս ոլորտում տարիների փորձ ունեցող մասնագետներից: Ծրագիրը նախ պիլոտային մեկ տարով կներդրվի Տավուշում ու Կոտայքում՝ 7 ընտանիքի 14 երեխայի համար, հետո կկիրառվի ամբողջ հանրապետությունում:
Ծնողական խնամքից զրկված ու հատուկ հաստատություններում հայտնված երեխաներից ընդամենը 105-ն են խնամատար ընտանիքներում: Սոս-ի մասնագետները նախ կայցելեն ընտանիքներ, կգնահատեն նրանց կարիքները, յուրաքանչյուրի համար կկազմեն անհատական սոցիալական ծրագիր:
Անահիտ Հովհաննիսյան (ՀՀ ԱՍՀՆ Հավասար հնարավորությունների ապահովման վարչության (ՀՀԱՎ) երեխաների հիմնահարցերի բաժնի պետ) - Խոսքը վերաբերում է այն բոլոր միջոցառումների պարտադիր իրականցմանը որոնք նպաստելու են երեխայի բոլոր իրավունքների իրացմանը. գուցե տվյալ երեխան կարիքի գնահատման արդյունքում ունի խնդիր կրթական գործընթացում լիարժեք ընդգրկվելու, հետևաբար անհատական սոցիալական ծրագիրը պիտի պարտադիր ունենա տվյալ բաղադրիչը, ինչ անել, որ երեխայի կրթական իրավունքը իրացվի, և անհատական սոցիալական ծրագրում հստակ նշվում են դերակատարները, ժամկետներն ու միջամտության այն տեսակները, որոնք անհրաժեշտ են տվյալ իրավունքի լիարժեք իրացման համար:
Նույն կերպ նաև առողջապահական, մշակութային ու երեխայի իրավունքներին վերաբերող մյուս ուղղություններով աշխատանք կտարվի, եթե դրա կարիքը լինի՝ նշում է բաժնի պետը: Այս ճանապարհին կազմակերպությունը կօգնի մարզպետարաններին և, իհարկե, խնամատարներին՝ կյանքի կոչել անհրաժեշտ միջոցառումները: Անահիտ Հովհաննիսյանը նկատում է՝ պետություն-մասնավոր գործակցությունը նպաստելու է ավելի լավ միջավայրում երեխայի խնամքը կազմակերպելուն:
Անահիտ Հովհաննիսյան - Կազմակերպության հետ համագործակցությունը գալիս է լրացուցիչ աջակցություն տրամադրելու, օրինակ՝ ամառային հանգստի կազմակերպում, որը կարող է կազմակերպվել անհատապես, մի մարզում մի քանի երեխայի հետ, էս պարագայում համալիր մոտեցում է ցուցաբերվելու էն համայնքներում, որտեղ էդ երեխաները բնակվում են. կարող է լինել ինչ որ առանձին աջակցություն՝ կարիքից բխող, որը կարող է կազմակերպվել էլ ավելի լավ, քան կազմակերպվել է մինչ այս պահը, այսինքն՝ զարգացման ճանապարհով ենք գնում:
Խնամատար ընտանիքներին ամսական 140 հազար դրամ է հատկացվում, իսկ եթե երեխան հաշմանդամություն ունի՝ հավելավճար՝ ևս 30 տոկոսի չափով:
Մասնագետն ասում է՝ խնդիր ունենք զարգացնելու հատուկ խնամատարությունը: Հայաստանի շուրջօրյա խնամքի հաստատություններում բնակվող 602 երեխայից 510-ը հաշմանդամություն ունի, և այդպիսի միայն 9 երեխա է ապրում խնամատար ընտանիքներում: Գաղափարախոսությունը տարածելու ու թեկուզ պայմանագրային տարբերակով, ժամանակավոր երեխային ընտանեկան ջերմությամբ ապահովելու համար նախարարությունը 2020-ից էլ գործակցում է ՀՕՖ-ի երեխաների պաշտպանության կենտրոնի հետ: Այս դեպքում աշխատանք է տարվում պոտենցիալ խնամատար ծնող դառնալ ցանկացողների հետ:
Ըստ Հովհաննիսյանի՝ 3 տարում դրական արդյունք ունեն:
Անահիտ Հովհաննիսյան - Տրամադրել ենք երեխաների ընտանիքներին աջակցություն, մեթոդական խորհրդատվություն ծնողներին այն պահին, երբ վարքային խնդիրներ են եղել երեխաների մոտ, հուզական կապը չի կայացել, և ունեցել ենք հաջողված բազմաթիվ դեպքեր, երբ աջակցության ընթացքում ծնող-երեխա հարաբերություններն ամրապնդվել են, և մենք վստահ ենք եղել, որ այդ ընտանիքում երեխայի շահերը լիարժեք ապահովվում են:
Խնամատար ընտանիքների թիվն ավելացնելու համար իրազեկման ակցիաներ են արել ամբողջ հանրապետությունում, բաց դասընթացներ են անցկացրել:
Անահիտ Հովհաննիսյանն վստահեցնում է՝ տարեց տարի խնամատարության առաքելությունը հասնելի է դառնում էլ ավելի շատ քաղաքացիների: