Հայտարարված զեղչերը բնավ էլ իրական չեն: Ակցիայի շրջանակում ապրանքից բացի տրվող նվերի գինը իրականում ներառված է ապրանքի արժեքի մեջ: Այս ու այլ բազմաթիվ օրինակներից հետո, երբ հանրության շրջանում էլ այլևս վստահություն չկար ակցիաների ու զեղչերի նկատմամբ, պատկան մարմիններն ամիսներ առաջ օրենսդրական փոփոխություններ կատարեցին. բարեխիղճ տնտեսվարողը չպետք է տուժի անբարեխիղճ մրցակցության պատճառով, սպառողն էլ չպետք է խաբված լինի: «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում այժմ արդեն սահմանված են «ակցիա» և «զեղչ» հասկացությունները:
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը քննարկում էր հրավիրել տնտեսվարողների և այլ շահագրգիռ անձանց մասնակցությամբ՝ պարզելու, թե նոր կարգավորումներն ինչքանով են արդյունավետ գործնականում, և ինչ մտահոգություններ կան:
Տիգրան Մարկոսյան (Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ) - Բնականաբար, որևէ օրենսդրական կարգավորում չի կարող լինել կատարյալ, որովհետև մի բան է նախագծման փուլը, մի բան է իրավակիրառման փուլը, և էստեղ մենք էլ մեզ համար ինչ-որ խնդիրներ երբեմն շոշափում ենք: Դրա համար որոշեցինք երկու ֆորմատով էսօրվա քննարկումը անել, նախ` բովանդակային դրույթների ներկայացում, հաճախ հանդիպող խնդիրների մատուցում, որպեսզի մարդիկ իմանան՝ ինչ չի կարելի անել, ինչն է խնդրահարույց լինելու, և երկրորդ՝ ինչ խնդիրներ կան, որոնք օբյեկտիվ բնույթի են:
Նոր կարգավորումներով նախատեսվում է, որ զեղչը պետք է լինի նախորդ մեկ ամսում տվյալ ապրանքի միջին գնի համեմատությամբ: Ոլորտի պատասխանատուներն ասում են՝ սա տնտեսվարողի նկատմամբ մեղմ մոտեցում է` ի տարբերություն Եվրոպական Միության անդամ երկրներում կիրառվող պահանջների, որտեղ զեղչը հաշվարկվում է նվազագույն գնի նկատմամբ: Տնտեսավարողներն ընդունում են, որ միջին գինն իրենց շահերից է բխում, բայց հարցն այն է, թե ինչ պետք է հասկանալ «միջին գին» ասելով: Խոսքը հայտարարվա՞ծ, թե վաճառքի գնի մասին է, որովհետև դրանք հաճախ տարբեր են:
Արթուր Բուդուրյան (փաստաբան) - Կարևոր է, որ տնտեսավարողը և թե մենք նաև, որպես իրավաբաններ, ովքեր խորհրդատվություն են տալիս տնտեսվարողին, հասկանանք, թե ինչ նկատի ունի օրենքը, օրենսդիրը, երբ որ կիրառում է վաճառքի միջին գին, և ոնց է այդ վաճառքի միջին գինը հաշվարկվելու:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը նկատում է՝ ոլորտը երկար ժամանակ չկանոնակարգված լինելու հետևանքով ստեղծվել է մի իրավիճակ, երբ ընկերությունները մտածում են սպառողին գրավել ոչ թե իրենց հեղինակության, այլ զեղչերի ու ակցիաների միջոցով:
Բաբկեն Պիպոյան («Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ) - Մենք հասանք էնպիսի մակարդակի, բացասական իմաստով, որ արդեն տնտեսավարողները սկսեցին գովազդ նկարել, որ իրենք է՛լ ակցիա չեն անելու, սկսելու են իրատեսական գներ տալ, այնքան այդ զեղչն ու ակցիան այնքան սպառողների մոտ անլուրջ ու անարժանահավատ էր դարձել, որ սկսել են արդեն գովազդ նկարել, որ չի լինելու:
Պիպոյանը դեմ է, որ զեղչի համար ելման կետը լինի ապրանքի միջին արժեքը: Ասում է՝ ի սկզբանե էլ կողմ է եղել առավել խիստ մոտեցմանն ու նվազագո՛ւյն գինը որպես կողմնորոշիչ ընտրելու եվրոպական փորձին:
Բաբկեն Պիպոյան - Քննարկում ենք՝ ինչ գործիք տանք, ինչ «լազեյկա» տանք սպառողին խաբելու համար, ես էլ ասում եմ՝ կլինի՞ չտանք:
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանն ասում է՝ առաջարկները կարձանագրեն, մասնագիտական քննարկումներ կկազմակերպեն ու, եթե անհրաժշտություն լինի, կձեռնարկեն օրենսդրական համապատասխան փոփոխություններ: Գործող նոր իրավակարգավորումներով արդեն հարուցվել է մոտ 30 վարույթ: Դրանք հիմնականում էլեկտրատեխնիկայի, օծանելիքի, հագուստի, կոշկեղենի վաճառքի ոլորտում են: Անբարեխիղճ մրցակցության համար նախատեսված է նախորդ տարվա հասույթի մինչև 5 տոկոսի չափով տուգանք:
Հեղինակ` Աննա Զախարյան