Սերժ Սարգսյանն ու նրա դուստրը՝ Սաթենիկ Սարգսյանը, ըստ դատախազության, 734 միլիոն դրամի ապօրինի ծագման գույք ու դրամական միջոցներ ունեն, որոնք ենթակա են բռնագանձման: Մասնավորապես, դատախազությունը պահանջում է բռնագանձել Տերյան 66 շենքի բնակարանն ու նույն հասցեի երկու ավտոկայանատեղին, որոնք ձեռք են բերվել 2006 թվականին: Այս գույքերի վրա կալանք է դրված:
Տիգրան Ենոքյան (ԳԴ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի տեղակալ) - Ընդհանուր առմամբ, իմ կողմից նշված անշարժ գույքերի շուկայական արժեքը կազմում է շուրջ 382 միլիոն դրամ:
Դատախազի խոսքով՝ թեև բնակարանն ու ավտոկայանատեղիները հաշվառված են Սարգսյանի դստեր անվամբ, սակայն իրավասու մարմնի դիտարկմամբ՝ պատկանում են Սերժ Սարգսյանին:
Տիգրան Ենոքյան - Բացի դրանից՝ իրավասու մարմինը նաև պահանջ է ներկայացրել շուրջ 352 միլիոն դրամի չափով գումարի բռնագանձման պահանջ, որը դիտարկվել է որպես անձի մոտ առկա ապօրինի դրամական միջոցների մնացորդ և գումար, որը փոխանցվել է բարեխիղճ անձանց և հնարավոր չէ բռնագանձել:
Ենոքյանի պնդմամբ՝ օրինական եկամուտներով չեն հիմնավորվել նաև Սերժ Սարգսյանի՝ առևտրային բանկում ներդրած ավանդը՝ շուրջ 108 միլիոն դրամ, և այդ ավանդի վրա կուտակված տոկոսները՝ 44 միլիոն դրամ, որը նույնպես դատախազությունը պահանջում է բռնագանձել:
Տիգրան Ենոքյան - Կնոջ՝ Ռիտա Սարգսյանի անվամբ ներդրված ավանդը` 95 միլիոն դրամի չափով, և հաշվեգրված տոկոսներ` շուրջ 30 միլիոն դրամի չափով:
Գործով անցնում էր նաև Սարգսյանի մյուս դուստրը, սակայն դատախազը հրաժարվեց հայցից, քանի որ Հակակոռուպցիոն դատարանում նախնական լսումների ընթացքում պարզ է դարձել, որ Ռիտա Սարգսյանի մահից հետո ավանդը ոչ թե Անուշ, այլ Սաթենիկ Սարգսյանին է անցել որպես ժառանգություն:
Այս նիստում արդեն, մինչև միջնորդություններին անցնելը, դատավոր Աշխեն Ղարսլյանը քննեց նիստը տեսանկարահանելու «Լուրեր»-ի միջնորդությունը, որին կողմ էր հայցվորը, դեմ էին Սարգսյանի ներկայացուցիչները: Փաստաբան Ամրամ Մակինյանի պատճառաբանությամբ` իրենք դեմ են, քանի որ Հանրային հեռուստաընկերությունը շատ ավելի կարևոր հարցեր ունի լուսաբանելու: Դատարանը այսպիսով չթույլատրեց նիստի տեսանկարահանումը` ըստ էության հիմնավոր համարելով պատճառաբանությունը:
Նիստի ընթացքում դատախազը հայցի առարկայի փոփոխությունը թույլատրելու միջնորդություն ներկայացրեց՝ լրացնելով սկզբնական հայցը: Պատասխանողի ներկայացուցիչ Մակինյանն ամբողջությամբ առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ եթե սկզբնական հայցադիմումով դատախազը պահանջում էր բռնագանձել գույքի միայն այն մասը, որը որակվել էր ապօրինի, ապա հիմա դատարանից խնդրում է բռնագանձել գույքերն ամբողջությամբ:
Ենոքյանի պնդմամբ, սակայն, եթե գույքը ձեռք է բերվել ապօրինի միջոցներով, ապա այն ամբողջությամբ համարվում է ապօրինի: Որոշումը կհրապարակվի մարտին:
Հեղինակ` Տաթև Խաչատրյան