Մյունխենի Անվտանգության 59-րդ ամենամյա համաժողովի շրջանակում «Շրջելով լեռները. անվտանգության կառուցումը Հարավային Կովկասում» խորագրով թեմայով պանելային քննարկմանը մասնակցել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդտը:
Մոդերատորի հարցին, թե ինչպես են Հարավային Կովկասում արձագանքում Ուկրաինայի պատերազմին` Ադրբեջանի նախագահը նկատեց, որ հակամարտությունը փոխել է աշխարհաքաղաքական իրադրությունը, իսկ Բաքվի համար հակամարտությունը և խնդիրների պատճառ դարձավ, և նոր հնարավորություններ ստեղծեց:
Իլհամ Ալիև (Ադրբեջանի նախագահ) - Այժմ մենք աշխատում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վրա։ Հուսով եմ, որ այն շուտով կվերջացնենք, և ես կարծում եմ, որ դա կարող է լավ օրինակ լինել, թե ինչպես են պատմական լուրջ տարաձայնություններ ունեցող երկրները միավորվում և շրջում թշնամության էջը։
Վրաստանի վարչապետի բնորոշմամբ` սա պատմական հանդիպում է, որի ընթացքում Կովկասի 3 երկրները հանդիպում են մեկ հարթակում: Հայաստանի վարչապետը նույնպես այս ձևաչափով հանդիպումը պատմական որակեց:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Երկար ժամանակ է՝ միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի վրա, ինչը մեզ համար մեծ ռիսկեր է ստեղծում: Մենք, սակայն, հավատարիմ ենք մեր որդեգրած ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին: Տարբեր ոլորտներում բարեփոխումները մեր տարածաշրջանում ավելի լավ միջավայր կստեղծեն:
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը շնորհակալություն հայտնեց Հայաստանին երկրաշարժից հետո Թուրքիա ուղարկած հումանիտար օգնության համար, հարցրեց՝ արդյոք այս իրադրությունը կարող է դրական տեղաշարժ արձանագրել հարաբերությունների կարգավորման առումով:
Նիկոլ Փաշինյան - Հայաստանը Թուրքիա օգնություն ուղարկել է` ելնելով հումանիտար նկատառումներից, միլիոնավոր մարդիկ են տուժել մեր կողքին: Ընթացքում մենք տեսանք թուրքական կառավարության դրական արձագանքը, և եթե այս քայլը նաև քաղաքական արդյունք ունենա, շատ ավելի լավ: Մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք մեր հնարավորությունների սահմաններում կրկին մարդասիրական օգնություն տրամադրել: Ինչ վերաբերում է քաղաքական երկխոսությանը, երկրաշարժից առաջ մենք քաղաքական երկխոսություն ունեցել ենք, ինչը շատ կարևոր եմ համարում։ Ես հավատում եմ, որ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու սահմանների բացումը դրական արդյունք կունենա ինչպես տարածաշրջանի, այնպես էլ ամբողջ աշխարհի համար:
ՔՆՆԱՐԿՈՒՄ ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔԻ ԱՐԳԵԼԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քննարկման հաջորդ հատվածը նվիրված էր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման թեմային: Վարչապետը հայտարարեց, որ աշխարհը պետք է իր ուշադրությունը սևեռի այս թեմային, քանի որ իրավիճակի այս սցենարով շարունակությունը կարող է անշրջելի մարդասիրական աղետի վերածվել:
Խոսելով Հայաստան - Ադրբեջան բանակցությունների ընթացքի և մյունխենյան հարթակում հանդիպումների արդյունքների մասին` Ադրբեջանի նախագահը հայտարարեց որ բանակցությունները երկու ուղղությամբ պետք է տանել:
Իլհամ Ալիև - Մեր ԱՄՆ և ԵՄ գործընկերների հետ հաղորդակցության և Փաշինյանի, Բլինքենի հետ հանդիպումներից հասկացանք, որ երկու ուղղությամբ պետք է աշխատել՝ ՀՀ-Ադրբեջան բանակցություններ և Ադրբեջան-Ղարաբաղի հայ բնակչություն հարաբերություններ: Լեռնային Ղարաբաղ այլևս չկա, դա ռուսական տերմին էր. խնդրում եմ հարգել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
Հայաստանի վարչապետը շեշտեց` Լեռնային Ղարաբաղ կա, կա նաև Լաչինի միջանցք, որը պետք է բաց լինի` ըստ այն հայտարարության, որի տակ ստորագրել է նաև Ադրբեջանի նախագահը 2020-ի նոյեմբերի 9-ին: Փաշինյանն անհիմն համարեց նաև Ալիևի մեղադրանքները, թե հայերը մզկիթներ են ավերել:
Նիկոլ Փաշինյան - Վախենամ՝ Ադրբեջանը ցանկանում է կրոնական կոնտեքստ հաղորդել հակամարտությանը: Նման կոնտեքստ չկա: Ադրբեջանի նախագահն օգտագործում է գրեթե վիրավորական խոսույթ` շեշտելով «կապիտուլյացիա» բառը: Տպավորություն է, թե Ադրբեջանը որդեգրել է ռևանշի քաղաքականությունը: Նշվեց, որ մեր պատմությունը շատ բարդ է: Եվ սա պատմական հանդպում է, բայց ի՞նչ նպատակով ենք մենք այն օգտագործում՝ ատելություն, թե խաղաղություն քարոզելու համար: Կարծում եմ՝ պետք է օգտագործենք այս հարթակը խաղաղության համար: Հպարտ եմ, որ մեր կառավարությունը, նույնիսկ կործանարար պատերազմից հետո, անցկացրեց ազատ և մրցակցային ընտրություններ: Լուծումը ժողովրդավարությունը, թափանցիկությունը, երկխոսությունը և հարգանքն են բոլոր երկրների հանդեպ: