Ավտոմեքենաների առևտրով զբազվող 65 ընկերություն 2022-ի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում է: Այստեղ ներառված են մարդատար ու բեռնատար, առաջնային ու երկրորդային շուկայում աշխատող ընկերությունները: 2020-ից ավտոմեքենաների ներկրմամբ զբաղվող այս ընկերությունը խոշորների ցանկում նորեկ է՝ վճարած ավելի քան 642 մլն դրամ հարկով 419-րդն է:
Հայկ Արզումանյան «Ռան ընդ դրայվ մոթորս» ընկերության հիմնադիր, տնօրեն - 21 թվից սկսեցին արդեն պատվերները ու մեքենաներ ներկրելու նախապայմանն այն է, որ մեքենան Ամերիկայից գալիս է Հայաստան, հասնում է մոտ 3-4 ամսվա ընթացքում: 21-ի վերջից էդ թափը սկսվեց, մեքենաներ սկսեցինք պատվիրել, 22 թվականին հասան Հայաստան ու դրանով պայմանավորված` 22 թվականին բավականին շատ վաճառք ունեցանք:
Գնորդները հիմնականում Հայաստանից և Ռուսաստանից են եղել: Այն, որ 1000 խոշոր հարկատուների ցանկում են հայտնվել, մեր զանգից հետո են պարզել: Ասում են՝ ներկրել ու վաճառել են այնքան, որքան պահանջարկ է եղել:
Հայկ Արզումանյան - ԵԱՏՄ շուկան մեզ բավականին մեծ պլյուս է տվել, Հայաստանի շուկան, ընդունենք, թե չէ, փոքր շուկա է, հենց դրանով էլ պայմանավորված է եղել էսպիսի աճը: ԵԱՏՄ շուկան եթե չլիներ, կարծում եմ` 70 տոկոս պակաս կլիներ:
Մեքենաների, դրանց պահեստամասերի արտահանումը հասել է 700 մլն դոլարի. արձանագրում է փորձագետն ու ընդգծում՝ նախորդ տարիների ցուցանիշը գերազանցվել է 12 անգամ: Ավելացել է նաև ԱՄՆ-ից, Կորեայից, Ճապոնիայից, ԱՄԷ-ից ու եվրոպական այլ երկրներից մեքենաների ներմուծումը: Արտահանման հիմնական ուղղությունը ԵԱՏՄ անդամ պետություններն են՝ հիմնականում Ռուսաստանն ու Ղազախստանը:
Արմեն Քթոյան ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի վարիչ - Գլխավոր գործոնն այն է, որ արևմտյան ընկերությունները, ավտոմոբիլային բրենդները դուրս են գալիս կամ դուրս են եկել ռուսական շուկայից ու էդ առաջացած վակուումը պետք է որևէ կերպ լցվի, ու Հայաստանյան դիլերները էստեղ էական մասնաբաժին ունեն:
Միայն Հյուսիսային Ամերիկայի երկրներից ներմուծվող մեքենաները ընդհանուրի 60 տոկոսն են կազմում՝ շարունակում է տնտեսագետը: Ընդ որում՝ գործընթացն ամբողջությամբ թափանցիկ է՝ պնդում է Քթոյանը և վստահեցնում՝ մտավախությունը, թե Ռուսաստանի վրա տարածվող արևմտյան պատժամիջոցները կարող են մեզ վրա էլ ազդել, չափազանցված է:
Արմեն Քթոյան - Քանի որ խոսքը հիմնականում երկրորդային շուկայի՝ օգտագործված մեքենաների մասին է, և բացի դրանից՝ էստեղ շուկայում մեծ թվով խաղացողներ կան, այնպես չէ, որ պետական կոորդինացված քաղաքականություն է տարվում, այսինքն` այստեղ չկա օբյեկտը, որի վրա կարելի է պատժամիջոց դնել նույնիսկ ցանկության դեպքում, և խնդիրը նաև այն է, որ միայն Հայաստանը չի հագեցնում, էստեղ կա Վրաստան, Բելառուս, Ղազախստան կա, Հայաստանի մասնաբաժինն այստեղ 6-7 տոկոս է:
ՊԵԿ-ի տվյալով` խոշորների ցանկում հայտնված 65 ընկերությունից 54-ը նորեկ են: Բոլորը միասին վճարել են մոտ 58,5 մլրդ դրամ հարկ: