«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում մոտակա 5 տարում 350 միլիոն դոլարի ներդրում կարվի: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի խոսքով՝ օդանավակայանի կոնցեսիոն կառավարիչ «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանը ներկայացրել է ներդրումային ծրագիր, որը թույլ կտա ավելացնել թողունակությունը:
Արմեն Սիմոնյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ) - Ներդրման արդյունքում «Զվարթնոցի» թողունակությունը կբարձրանա թե՛ ուղևորների և թե՛ չվերթերի մասով: Եվ ավելի հարմարավետ սպասարկում կիրականացվի, առանց հերթերի, որովհետև այսօր ուղևորահոսքը մոտենում է այն մաքսիմալ մակարդակի, որը թույլ է տալիս «Զվարթնոց» օդանավակայանը սպասարկել:
Կընդլայնվեն ինչպես ուղևորային, այնպես էլ բեռնային համալիրները: Սիմոնյանը վստահեցնում է, որ շինարարական աշխատանքները չեն խանգարի օդանավակայանի ընթացիկ գործունեությանը: Փոխնախարարը վստահեցնում է՝ տարածքի խնդիր չկա, և եթե հետագայում ուղևորահոսքը շատ ավելի նկատելի մեծանա, հնարավոր է նոր տերմինալի կառուցումը: Ի դեպ, 2022-ին ուղևորահոսքը գերազանցել է նախորդ ռեկորդային՝ 2019-ին գրանցած ցուցանիշը մոտ 20 տոկոսով:
Արմեն Սիմոնյան - 22 թվականին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանները ունեցել են 3 մլն 697 հազար ուղևոր: Աննախադեպ թիվ է, որովհետև եթե քովիդայինը չհաշվենք, 19-ի հետ համեմատենք, ապա 19-ին 3 միլիոնից քիչ ավել էր եղել:
Իսկ ինչ ճակատագրի կարժանանա «Զվարթնոցի» խորհրդանիշ հանդիսացող, այսպես ասած, հին շենքը: Ընկերությունը որոշակի առաջարկներ արել է, այժմ դրանք քննարկման փուլում են: Առաջիկա օրերին կստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով, որն էլ, ուսումնասիրելով բոլոր առաջարկները, գնահատական կտա:
Արմեն Սիմոնյան - Խոսքը մի մասի պահպանման, մեջտեղի աշտարակի մասին է, և պետք է քննարկել այդ աշտարակը շրջապատող օղակաձև շենքի հետագա շահագործման հնարավորություններն ու նպատակահարմարությունները, դա հիմա չեմ կարող ասել:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարի խոսքով՝ «Զվարթնոց» ընկերության տնօրինությանը առաջարկվել է վերակառուցել «Շիրակ» օդանավակայանի մեկնման սրահը, քանի որ այն նկատելիորեն տարբերվում է ժամանման համար նախատեսված ժամանակակից սրահից:
Տնօրինությունը խոստացել է, որ այս տարվա սեպտեմբերին տեխնիկապես հագեցած և ժամանակակից մեկնման սրահը պատրաստ կլինի: