Թեհրանը կշարունակի իր խաղաղ միջուկային ծրագիրը և կառուցողական համագործակցությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Նասեր Քանանին՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Պարսից ծոցի երկրների համատեղ հայտարարության, որոնք Իրանն անվանել են «տարածաշրջանում խաղաղության սպառնալիք»։
Քանանին Իրանի հասցեին նմանօրինակ հայտարարություններն անվանել է «հաճախ կրկնվող» և «հոգնեցուցիչ»:
Քանանին նշել է, որ Թեհրանը հավատում է տարածաշրջանային դիվանագիտությանը և ձգտում է տարածաշրջանային ճգնաժամերը լուծել քաղաքական միջոցներով:
Օրեր առաջ Էր-Ռիադում կայացած հանդիպումից հետո ԱՄՆ-ն ու Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը համատեղ հայտարարության մեջ կրկնել են Իրանի դեմ ուղղված մեղադրանքները: Հայտարարության մեջ մտահոգություն է հնչել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ, և Թեհրանին կոչ է արվել լիարժեք համագործակցություն ծավալել ԱԷՄԳ-ի հետ: