Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել զեղչերի և այլ ակցիաների օրենսդրությանն առնչվող հերթական քննարկումը, որը վարում էր հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը: Քննարկմանը մասնակցում էին էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Անի Իսպիրյանը, Ռաֆայել Գևորգյանը, տնտեսվարող սուբյեկտներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք:
Հանդիպումը նպատակ ուներ ևս մեկ անգամ իրազեկել տնտեսվարողներին գործող նոր կարգավորումների մասին, ինչպես նաև լսել նրանց կողմից իրավակիրառման փուլում ծագած մտահոգությունները, վեր հանել օբյեկտիվ խնդիրները՝ դրանց լուծումներ տալու համար:
Տիգրան Մարկոսյանը նշել է, որ թե՛ օրենքի նախագծման փուլում, թե՛ ընդունումից հետո տարբեր ձևաչափերով իրազեկման միջոցառումներ են իրականացվել այս թեմայով: Ընդունված կարգավորումների ուժի մեջ մտնելուց հետո որոշ ժամանակ հանձնաժողովն առավել պասիվ դիտարկումներ է իրականացրել շուկայում, իսկ «Սև ուրբաթ»-ից սկսած արդեն ակտիվ մշտադիտարկումներ են կատարվել, որի արդյունքում շուրջ 30 տնտեսվարողների նկատմամբ վարույթներ են հարուցվել:
ՄՊՀ անդամն ընդգծել է, որ որոշ տնտեսվարողներ ի սկզբանե ընդունել են թույլ տրված վրիպումները՝ խնդրելով կիրառել արագացված վարույթ, ինչը լրջագույն քայլ է, քանի որ պետությունը և տնտեսվարող սուբյեկտները համագործակցության մթնոլորտում են աշխատում:
Տիգրան Մարկոսյանի խոսքով՝ մինչև այս օրենքի ընդունումը ՀՀ-ում ակցիաների առնչությամբ որևէ հստակ իրավակարգավորումներ առկա չէին, ինչը հանգեցրել էր նրան, որ զեղչ երևույթին սպառողներն առհասարակ դադարել էին հավատալ:
Հանդիպման ընթացքում տնտեսվարողները բարձրացրեցին տարբեր հարցեր, որոնք առնչվում էին մասնավորապես միջին գնի հաշվարկին, իրազեկման պահանջներին և այլ խնդիրների:
Ամփոփելով քննարկման արդյունքները՝ Տիգրան Մարկոսյանը նշել է, որ տնտեսվարողները 15-օրյա ժամկետում կարող ենք գրավոր առաջարկներ ներկայացնել հանձնաժողովին, ինչպես նաև դիմել առանձին հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով: