«Թումո» կենտրոններ և «Թումո տուփեր» կլինեն Հայաստանի ամբողջ տարածքում: Նախատեսվում է ընդհանուր առմամբ 16 Թումո կենտրոն ունենալ: Բացի դրանից՝ 110 շարժական «Թումո տուփ» էլ կտեղադրվի հիմնականում դպրոցների հարևանությամբ, ինչը հնարավորություն կտա կրթօջախների զարգացման, իսկ երեխաների և ուսուցիչների համար՝ նոր հմտությունների ձեռքբերման ու վերապատրաստման համար:
Արտաշես Թորոսյան (ԿԶՆԱԿ տնօրենի պաշտոնակատար) - Երկու լուծում է ընտրվել, ունենալ Թումո կենտրոններ՝ ինչպես Երևանում, գուցե ոչ այդքան մեծ, բայց միևնույն ժամանակ ստեղծվում են նաև Թումո տուփերը: Դրանք փոքր մոբիլ համակարգեր են, որտեղ էլի նույն համակարգիչներն են, նույն ծրագրերն են, նույն միջավայրն է, բայց ավելի փոքր մասշտաբներով:
«Թումո տուփերում» երեխաներն անցնում են ծրագրի առաջին հատվածը, որն ավելի շատ հիմնված է ինքնուսուցման վրա: Այնուհետև մյուս փուլը հնարավոր է շարունակել արդեն կենտրոնում: Նպատակը գյուղ-քաղաք կապն աշխուժացնելն է, իրար հետ աշխատելու հնարավորություն ստեղծելը: Օրինակ՝ հենց այս մոդելով է աշխատում Դիլիջանի կենտրոնը. Գավառում և Բերդում «Թումո տուփի» առաջին փուլից հետո երեխաները կրթությունը խորացնում են Դիլիջանի խոշոր կենտրոնում:
Արտաշես Թորոսյան - Նոր հանրակրթության պետական չափորոշիչներով խիստ կարևորվում է սովորողների մոտ ՏՀՏ հմտությունների զարգացումը, մեդիագրագիտությունը և ընդհանրապես ծրագրավորման հետ կապված հմտությունների զարգացումը, միևնույն ժամանակ մեր կրթական համակարգում մեծ դեր ունեն ու շատ մեծ ուշադրության են արժանանում ոչ ֆորմալ կրթություն իրականացնող կազմակերպությունները:
Այս պահին ընթացքի մեջ են Կապանում, Էջմիածնում ու Կողբում Թումո կենտրոնների ստեղծման աշխատանքները, զուգահեռ՝ շարունակվում է տուփերի տեղադրումը:
Մարի Լու Փափազյան (Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համահիմնադիր տնօրեն) - Այս փուլում ավարտում ենք Շիրակի բոլոր տուփերը, ավարտում ենք Տավուշի՝ Դիլիջանի շուրջ բոլոր տուփերը, Կողբը, որ այս գարնանը բացելու ենք, նաև ավարտում ենք իր բոլոր տուփերով, իբրև կենտրոն ամբոջական լինելու է, Կապանը՝ նույն ձևով, հետո անցնելու ենք հաջորդ քայլերին:
Կենտրոնները կառուցվում են այնպիսի տարածքներում, որոնք մոտ են տարածաշրջանի մնացած բնակավայրերին. այսպես աշակերտները ճանապարհի վրա քիչ ժամանակ կծախսեն:
Կենտրոնները հիմնվում են նաև պատմամշակութային արժեք ունեցող շենք-շինություններում: Օրինակ՝ Գյումրիում կենտրոնը կառուցվել է թատրոնի պատմական շենքում:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան