Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին:
«Ադրբեջանի նախագահը նշեց 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որում նշված է, որ Լաչինի միջանցքը պետք է լինի բաց՝ Ռուսաստանի վերահսկողության ներքո: Մի քանի երեխա փորձեց երթևեկել Լաչինի միջանցքով: Նրանց կանգնեցրին Ադրբեջանի դիմակավորված քաղաքացիներ, ներխուժեցին նրանց ավտոբուս, ինչից հետո երեխաները վախեցան, և դա վերջին անգամ էր, երբ խաղաղ բնակիչները փորձում էին օգտվել ճանապարհից»,- ասել է վարչապետը:
Փաշինյանն անդրադարձել է նաև «կործանված մզկիթների մասին» Ալիևի հայտարարությանը. «2017 թ. Ադրբեջանում քանդվել են մզկիթներ՝ ճանապարհ կառուցելու համար: ԽՍՀՄ տարիներին հազարից ավելի մզկիթ է քանդվել: Հայաստանում ԽՍՀՄ տարիներին քանդվել են եկեղեցիներ, մզկիթներ: ԼՂ հայերը չպետք է վճարեն ԽՍՀՄ արարքների համար: Դա վտանգավոր խոսույթ է: Վախենամ՝ Ադրբեջանը ցանկանում է կրոնական կոնտեքստ հաղորդել հակամարտությանը: Նման կոնտեքստ չկա: Դրա ապացույցն է, որ մենք ունենք մուսուլմանական փոքրամասնություն, գործող մզկիթ»:
Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանի նախագահի օգտագործած «կապիտուլյացիա» բառը վիրավորական խոսույթ է:
«Տպավորություն է, թե Ադրբեջանը որդեգրել է ռևանշի քաղաքականությունը: Նշվեց, որ մեր պատմությունը շատ բարդ է: Նշեցի, որ սա պատմական հանդպում է, բայց ի՞նչ նպատակով ենք մենք այն օգտագործում՝ ատելությո՞ւնը քարոզելու համար մեր տարածաշրջանում, թե՞ քարոզելու խաղաղությունը: Կարծում եմ՝ պետք է օգտագործենք այս հարթակը խաղաղության համար: Ո՞րն է մեր նպատակը. խորացնե՞լ թշնամանքը, թե՞ կորցնել մեզ շնորհված մանդատը: Հպարտ եմ, որ մեր կառավարությունը, նույնիսկ կործանարար պատերազմից հետո, անցկացրեց ազատ և մրցակցային ընտրություններ: Լուծումը ժողովրդավարությունը, թափանցիկությունը, երկխոսությունը և հարգանքն են մեր տարածաշրջանի բոլոր երկրների հանդեպ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: